«Օդեոն»՝ ժամանակների թատերական կամուրջը

Թեև Հայաստանում թատերական միջազգային փառատոների պակաս չկա, սակայն սպասված էր Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի նախաձեռնած Երևանյան առաջին միջազգային թատերական  փառատոնը, որը կտևի մեկ ամիս՝ հոկտեմբերի 17-ից նոյեմբերի 18-ը: Ինչպես փառատոնի հիմնադիր-նախագահ և Մայր թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանն է նշում, կան քաղաքներ, որոնք հռչակված են աշխարհում հատկապես իրենց հեղինակավոր թատերական փառատոներով՝ Ավինյոն, Էդինբուրգ, ինչո՞ւ Երևանն էլ չդառնա դրանցից մեկը: Այս հավակնոտ, բայց ոչ անհնարին ծրագիրը մեր օրերում հատկապես մեկ այլ կարևոր՝ հոգեբանական նշանակություն ունի՝ բարձրացնում է մեր կոտրված ոգին, մեծ երազանքների ու դրանց իրագործմանն է մղում: Եվ հիշեցնում է, որ մենք մշակութային հզոր ազգ ենք, հետևաբար ընկճվելու իրավունք չունենք, այլ ճիշտ մոտենալով մեր արժեքներին ու ստեղծագործական ներուժին, աշխարհին կարող ենք նորովի ներկայանալ, դառնալ նաև մշակութային կամուրջ և բաց հարթակ ազատ, նորարարական մտածողության, փորձարարության, նոր թատերական ուղղությունների և հոսանքների ներմուծման համար: Տնօրենը նշում է, որ փառատոնը կդառնա ամենամյա և դրան մասնակցելու կհրավիրվեն աշխարհի ամենահռչակավոր թատրոնները: Ասվածի վառ հավաստումն է ֆրանսիական աշխարհահռչակ «Օդեոն» թատրոնի մասնակցությունն առաջին փառատոնին: Սա հիրավի պատմական իրադարձություն է հայ թատերական իրականության մեջ:

 

Եվրոպայի թատրոն «Օդեոն»

«Օդեոն» թատրոնը /Theatre de l’Odeon/, որ գտնվում է Փարիզի պատմական կենտրոնում, Սենայի ձախ ափին, անցել է հակասական ու բարդ փուլերով և հասել 21-րդ դար՝ նորացված, բայց ավանդույթներին հարազատ մնալով: Շենքը կառուցվել է 1779-1782 թթ., նեոկլասիցիզմի ոճով, «Կոմեդի ֆրանսեզի» նմանությամբ: Թատրոնը բացել է ինքը՝ Մարիա Անտուանետա թագուհին, 1782-ի ապրիլի 9-ին: 1784թ. այստեղ տեղի է ունեցել Բոմարշեի «Ֆիգարոյի ամուսնությունը» հանրահայտ պիեսի պրեմիերան: Շենքը այրվել է, ապա վերականգնվել է 1808-ին՝ Ֆրանսիայի կայսրուհու հովանավորությամբ: «Օդեոնը» հեղափոխությունների ժամանակ դարձել է բոցաշունչ ճառերի ամբիոն, հեղափոխական երիտասարդների ապստամբության կենտրոն, բեմադրվել են հակակառավարական պիեսներ, անվճար ներկայացումներ են խաղացվել ուսանողների ու աշխատավորների համար: Այս բեմում է հանճարեղ Ֆրեդերիկ Լեմետրը խաղացել տարբեր ամպլուայի դերեր՝ կոտրելով դասական ամպլուաների մասին հին պատկերացումները: 1863-ին այստեղ իր դեբյուտն է ունեցել Ժան Մունե-Սյուլին, իսկ 1866-ին՝ հանդիսատեսի կողմից «աստվածային» և «բոլոր ժամանակների ամենահայտնի դերասանուհի» հռչակված Սառա Բեռնարը: Այստեղ է 1885-ին Պոլ Պորելը բեմադրել Ալֆոնս Դոդեի «Արլեզիանուհին»՝ Ժորժ Բիզեի երաժշտությամբ, որը նոր դարաշրջանի ամենանորարարական օպերան էր: Այդ շրջանում են ձևավորվել կիրակի առավոտները քննադատների հավաքները թատրոնում՝ իրենց հայտնի դասախոսություններով: Թատրոնը պարբերաբար ղեկավարել են ամենաերևելի թատերական գործիչները, որոնք համաշխարհային թատրոնի պատմության մեջ հաճախ նոր էջ են բացել և նպաստել նոր թատերական ձևերի կայացմանը:

Քսաներորդ դարասկզբին թատրոնը ղեկավարել է այդ երևելիներից ամենանորարարը՝ Անդրե Անտուանը (1906-1914 թթ), որը սկիզբ դրեց ռեժիսորական թատրոնին, ձևավորեց խաղացանկային թատրոն հասկացությունը, ֆրանսիացի հանդիսատեսին ծանոթացրեց եվրոպայում նոր ի հայտ եկած դրամատուրգների՝ Հենրիկ Իբսենի, Ավգուստ Սթրինդբերգի, Անտոն Չեխովի և այլոց պիեսներին: Նրա աշխատանքը համընկավ էլեկտրականության դարաշրջանի հետ, ուստի Անտուանը նաև տեխնիկական հեղաշրջում կատարեց թատրոնում՝ լույսն օգտագործելով իբրև ներկայացման գեղարվեստական գործիք: Սակայն լայն հասարակությունը դեռ պատրաստ չէր նման նորամուծությունների, և հաճախ մեծ ներդրումները ներկայացումների վրա՝ հետ չէին գալիս տոմսերի վաճառքից, ուստի թատրոնում ֆինանսական ճգնաժամ սկսվեց: Անհերքելի է, որ Անտուանի ձևավորած ռեժիսորական ավանդույթները դարձան եվրոպական թատրոնի հետագա զարգացման հիմքը: 1922-1930 թթ. Ֆիրմին Ժեմյեի ղեկավարությամբ նորացվեց «Օդեոնի» խաղացանկը, որում հաստատվեցին շեքսպիրյան պիեսները: 1959-ից թատրոնը ղեկավարել է ռեժիսոր, դերասան Ժան Լյուի Բարրոն, որին հանդիսատեսը ճանաչում է կինոոլորտից և հատկապես որպես մնջախաղաց: Նա ամենաբազմակողմանի օժտվածությամբ ստեղծագործող էր՝ գալով Շառլ Դյուլենի դպրոցից, ապա՝ «Կոմեդի ֆրանսեզ»-ից, բեմադրելով Շեքսպիր և Ռասին, նա առաջին անգամ «Օդեոն»-ի բեմ է բերել իր ժամանակակից աբսուրդիստների՝ Իոնեսկոյի, Բեքեթի, Ժան Ժենեի ստեղծագործությունները:

 

«Օդեոն»-ն այսօր. Ստեֆան Բրոնշվեյգ

«Օդեոնը» Ֆրանսիայի վեց ազգային թատրոններից մեկն է: Լինելով Վերածնունդի և Լուսավորության շրջանի սիմվոլը, թատրոնն առ այսօր եվրոպական արվեստի գեղարվեստական ժառանգության և ժամանակակից, նոր ձևերի ստեղծման հարթակ է: «Օդեոն»-ը իսկակական ստեղծագործական լաբորատորիա է, ուր հղկվում են դերասանական խաղի նոր դպրոցներ, ձևավորվում են ռեժիսորական հմտություններ: «Օդեոն»-ում է գտնվում Փարիզի ամենամեծ թատերական գրադարանը, որն ունի տեսաերիզների և ձայնագությունների հսկայական հավաքածու: Այստեղ նաև հանդիպումներ են տեղի ունենում գրողների, փիլիսոփաների և արվեստագետների հետ, ընթանում են պիեսների ընթերցումներ և որ ամենակարևորն է, թատրոնը մեծ սեր է վայելում Փարիզի թատերասերների կողմից: Իտալական ոճով կառուցված ամենամեծը համարվող դահլիճը տեղավորում էր 1913 մարդ: Այսօր հանդիսասրահը 800 տեղ ունի։ 1947թ-ի հոկտեմբերի 7-ից «Օդեոն»-ը համարվում է պատմական հուշարձան։

1990թ. թատրոնը ստացել է «Եվրոպայի թատրոն» կոչումը, ինչը դարձել է ստեղծագործական հավատամք: «Օդեոն»-ն այդ կոչումը կրող աշխարհի երեք թատրոններից մեկն է՝ Միլանի «Պիկկոլո» և Սանկտ Պետերբուրգի Փոքր դրամատիկական թատրոնների հետ միասին: Այստեղ բուն խաղացանկին զուգահեռ ընթանում են համաշխարհային հայտնի թատրոնների բեմադրություններ: 2016-ից ռեժիսոր, բեմանկարիչ ու թարգմանիչ Ստեֆան Բրոնշվեյգն է թատրոնի գեղարվեստական ղեկավարը, որը հարազատ է մնացել թատրոնի հիմնական ձեռագրին ու ավանդույթներին՝ խաղացանկում ընթանում են դասական և ժամանակակից պիեսներ: Այստեղ Շեքսպիրի, Մոլիերի, Չեխովի, Դոստոևսկու, Պիրանդելլոյի, Ռասինի, Կլեյստի, Բյուխների, Իբսենի, Բրեխտի և այլ դասականների գործերի նոր մեկնաբանությունների կողքին կարելի է տեսնել և ծանոթանալ նորագույն եվրոպական դրամայի հեղինակների, ինչպիսիք են Հանոխ Լևինը, Առնե Լյուգրեն:

Բրոնշվեյգն ավարտել է Փարիզի բարձրագույն նորմալ դպրոցի փիլիսոփայական ֆակուլտետը/Ecol normale superieure/, ապա սովորել է Շայոյի թատերական դպրոցում՝ Անտուան Վիտեզի դասարանում: 1988-ին իր սեփական թատերական ընկերությունն է հիմնել՝ Teatre-Machine: Յոթանասուն բեմադրության հեղինակ է (այդ թվում օպերաների) ֆրանսիայի և այլ  երկրների հանրահայտ թատրոններում, որոնք միջազգային ճանաչում են բերել նրան: Ղեկավարել է երեք թատրոն: Հրավիրվել է աշխատելու Միլանի «Լա Սկալա» օպերային թատրոնում, «Շաթլե» երաժշտական թատրոնում, «Կոմեդի Ֆրանսեզում», «Շանզ Էլիզեի» թատրոնում, Բրյուսելի «Լա Մոնե», Վենետիկի «Լա Ֆենիչե», Մադրիդի «Թագավորական օպերա» և այլ թատրոններում: Թատրոնի մասին տեքստերի և հարցազրույցների ժողովածուի հեղինակ է։

 

Բրոնշվեյգի երևանյան հանդիպումը թատերասերների հետ

Երևանյան թատերական միջազգային առաջին փառատոնի մեկնարկի նախօրեին Սունդուկյան թատրոնի փոքր բեմում հայ հանդիսատեսը բացառիկ հնարավորություն ունեցավ ներկա գտնվելու բեմադրիչի հետ հանդիպմանը: «Ես երջանիկ եմ, որ Երևանում եմ և շնորհակալ եմ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը, որի շնորհիվ տեղի ունեցավ մեր այցը: Մեկուկես տարի առաջ եմ այստեղ եղել, արժանացել եմ շատ ջերմ ու հուզիչ ընդունելության, ուրախ եմ, որ այսօր այստեղ եմ Երևանյան առաջին թատերական փառատոնի շրջանակում»,-ասում է բեմադրիչը: Ի՞նչ ասել է Եվրոպայի թատրոն. Բրոնշվեյգը նշում է, որ եվրոպական թատրոնի կյանքում բեկումնային է եղել 20-րդ դարի իտալացի անվանի բեմադրիչ, Միլանի «Պիկոլո» թատրոնի հիմնադիր Ջորջո Ստրելլերի  գաղափարը՝ ստեղծել թատրոն, որը կհյուրընկալի աշխարհի տարբեր երկրների ամենամեծ բեմադրությունները, ուր կցուցադրվեն համաշխարհային պրեմիերաներ: Այսօր «Օդեոն»-ը երկու հիմնական ուղղվածություն ունի՝ ներկայացնել միջազգային թատերական միտումները և ֆրանսիական թատրոնի հիմնական ուղղությունները: Որո՞նք են թատերական աշխարհի այսօրվա հիմնական տենդենցները հարցին Բրոնշվեյգը պատասխանում է. «Կարծում եմ, որ եվրոպական թատրոնն այսօր հիմնականում կենտրոնացած է իրականությունը բեմ բերելու ուղղությամբ, դա կարող է տեղի ունենալ դոկումենտալ թատրոնի ձևով՝ մերօրյա կամ անցյալից վերցված փաստերով, կամ օգտվելով գեղարվեստական հնարանքներից: Ռեժիսորները չեն հենվում թատերական տեքստերի վրա, շատ բեմադրություններ պարզապես ծնվում են բեմում, թատերախմբերն իրենք են փաստագրական նյութի և գեղարվեստականության միջոցով բեմադրություններ ստեղծում: Այս միտումը սկսվել է 1990-ականներից, երբ Եվրոպայում բեկում տեղի ունեցավ թատերագրության ոլորտում: Բեմում աստիճանաբար տեղի տվեց դրամատուրգիայի  դոմինանտությունը, թատերական տեքստի կազմաքանդման շրջան մտանք, առաջ եկան ստեղծագործական այլ ձևեր՝ պար, երաժշտություն, պլաստիկ արվեստներ, և 1990-2000-ականների ներկայացումներում այլևս չկային պերսոնաժներ, չկար պատմություն, կար մարմին ու շարժում: Բայց կարծում եմ՝ արդեն տասը տարի է, ինչ տեղի է ունենում վերադարձ դեպի դրամատուրգիան, ցանկություն է առաջանում պատմություններ պատմելու, նույնիսկ եթե ներշնչվում են դոկումենտալ նյութից»: Անդրադառնալով հետդրամատիկական թատրոնին բնորոշ բոլոր հատկանիշներին, Բրոնշվեյգը նշում է, որ ինքը թատրոնով սկսել է զբաղվել 80-ականների կեսերից և, կարելի է ասել, դասական դրամատուրգիայի բեմադրիչ է, քանի որ միշտ նախընտրել է աշխատել թատերական տեքստերի հետ. «Նույնիսկ այն ժամանակ, երբ կազմաքանդվում էր դրաման, ես շարունակում էի բեմադրել պիեսներ, քանի որ համոզված եմ, որ գեղարվեստականությունը իրականությանը հանդիպելու լավագույն միջոցն է, և որ թատրոնը սկսվում է ստեղծարարությունից՝ դրանով կարողանալով մարդկանց առերեսել իրականությանը և կպչել նրանց հոգիներին: Ես դասական պիեսներ շատ եմ բեմադրել՝ հին հունական դրամատուրգիա, Իբսեն ու Չեխով, բայց արդեն մի քանի տարի է, ինչ հայտնաբերել եմ նորվեգացի ժամանակակից դրամատուրգ Արնը Լիգրըյին (Arne Lygre) և նրա պիեսներն եմ նաև բեմադրում, որի «Երջանկության օրեր» պիեսի իմ բեմադրությունը դիտելու հնարավորություն կունենաք վաղը»:

 

Բրոնշվեյգի բեմադրական երկու ասպեկտները

Նորվեգացի հեղինակի պիեսի վերնագիրը բառացի թարգմանվում է «Երջանիկ լինելու ժամանակը», սակայն ըստ բեմադրիչի՝ բարեհունչ է ֆրանսերեն «Ուրախության օրերը»՝ «Jours de joie»: Նա կարևորում է, որ դրամատուրգը պիեսը երեք տարի առաջ է գրել, քովիդից հետո. «Պիեսը քովիդի մասին չէ, բայց պատմում է, թե ինչպես է պետք հաղթահարել ողբերգությունները: Պե՞տք է կառչել ողբերգությունից, տրավմայից, թե՞ պետք է առաջ նայել, կարևորել ուրախության պահերը: Արնը Լիգրըն աղքատիկ բառապաշարով է գրում, որն էլ մեծ հասանելիություն է տալիս իր պիեսներին, բայց այս պարզ բառապաշարով կարողանում է ներկայացնել էքզիստենցիալ բարդ իրավիճակներ»: «Ուրախության օրեր» բեմադրությունը ներկայացվեց Երևանյան թատերական միջազգային առաջին փառատոնի ծրագրում՝ «Սունդուկյան» թատրոնի մեծ բեմում:

Հանդիպումից հետո սպասվող՝ Բրոնշվեյգի մեկ այլ բեմադրության՝ քսաներորդ դարասկզբի հանրահայտ իտալացի գրող, Նոբելյան մրցանակակիր Լուիջի Պիրանդելոյի «Ինչպես ինձ ցանկանաս» ընթերցողին քիչ հայտնի պիեսի բեմադրությունը հանդիսատեսը դիտեց բարձրակարգ տեսագրությամբ: Հետաքրքիր է, որ երկու բեմադրություններում էլ հիմնականում նույն դերասաններն են խաղում, ինչը հնարավորություն է տալիս համեմատելու տարբեր ժամանակաշրջանների և գեղագիտությունների երկու դրամատուրգների պիեսներում միևնույն դերասանների կատարումները և բեմադրիչի ստեղծագործական երկու տարաբնույթ թևերը: Պիրանդելոյի պիեսը առաջին աշխարհամարտի հետևանքների մասին է, հերոսուհին կորցրել է իր ինքնությունը: Պիրանդելոյի «թատրոնն» առհասարակ հարցադրումներ է անում մարդու եսի բազմակիության, դեմքի և դիմակի հարաբերության և ինքնության չգոյության ոլորտներում: Նշենք, որ գլխավոր դերում բեմադրիչի կինը՝ հայտնի դերասանուհի Քլոե Ղեժոնն էր, որն իր համեստ ներկայությամբ դահլիճում՝ անգամ ուշադրություն չէր գրավել, այնինչ հանդիսատեսին տպավորեց իր վառ ու բազմաշերտ խաղով և բուռն ծափահարությունների արժանացավ՝ տեսագրության դիտումից հետո: Հանդիսատեսը Քլոեյի խաղը վայելեց նաև «Ուրախության օրեր» բեմադրության մեջ՝ երկու տարբեր կերպարներում:

 

Բեմադրիչն իբրև ներկայացման հեղինակ և թարգման

Իր հարցազրույցներից մեկում Բրոնշվեյգը նկատում է, որ պիեսներն իր համար «երևակայական երկխոսություններ» են դրամատուրգների հետ, որոնց տեքստերը այն բազմաթիվ դռներն են, որոնցով ինքը մուտք է գործում դեպի աշխարհ: Իմ այն հարցին, թե արդյո՞ք խոսքը տեքստի նկատմամբ ազատ վերաբերմունքի, թ՞ե բեմադրական անսպառ երևակայության մասին է, բեմադիչը պատասխանում է.«Ես կարծում եմ՝ գոյություն ունի բեմադրական երկու մոտեցում, կան բեմադրիչներ, որոնք իրենց ընտրած պիեսների հետ աշխատում են որպես «հեղինակ», մյուսները «թարգմանիչ» են: Ես երկրորդ տիպին եմ պատկանում: Ես նման եմ երաժշտի, որը վերցրել է պարտիտուրան և պետք է այն նվագի, իհարկե, ստեղծագործական մասը չենք բացառում, թատրոնի դեպքում՝ տեսողական ստեղծագործության մասին է խոսքը: Ինքս նաև բեմի ձևավորումն եմ անում, և դա ինձ համար թարգմանություն է, մեկնաբանություն, կատարում: Կան բեմադրիչներ, որոնք նաև տեքստն են ստեղծում, ինչպես մեր ժամանակակից Ժոել Պոմրան, ինչպես՝ Մոլիերը ժամանակին: Կան այնպիսիք, ովքեր ներկայացման հեղինակն են, որտեղ ամեն ինչ, այդ թվում և դրամատուրգի տեքստը, ծառայում է որպես նյութ իրենց ստեղծագործության համար: Ես մի սկզբունքը մյուսից չեմ գերադասում, ուղղակի երևույթները տեսնելու տարբեր եղանակներ են: Երբ ես պարտիտուրա եմ վերցնում (պիեսը), փորձում եմ հարգել այն, չկտրատել, բայց երբեմն ինձ չեմ արգելում դա անել՝ մասնավորապես երբ խոսքը անտիկ պիեսների մասին է: Ես ավելի հարգալից վերաբերմունք ունեմ ժամանակակից տեքստերի հանդեպ, որովհետև անտիկ տեքստերը հաճախ ներկայացման էսթետիկա ունեն, որը հատուկ է իրենց ժամանակաշրջանին, իսկ ես պետք է դա բերեմ մեր ժամանակներ: Ես կարող եմ որոշ հատվածներ կտրել, որոնք ինձ համար ժամանակավրեպ են, ժանրի փոփոխությունը պարտադիր չէ: Սիրում եմ, երբ բեմում տեղի են ունենում բաներ, որոնք իմաստ ունեն, որ միայն նորաձևությանը տուրք չտանք»:

Ավարտին Բրոնշվեյգը հավելում է. «Մենք միշտ մեր ժամանակի կրողն ենք, ժամանակակից հանդիսատեսի հետ գործ ունենք, և որպես թարգման ու կատարող ես պետք է կապ հաստատեմ անցյալի տեքստի ու մեր ժամանակի միջև: Մեզ համար արտասահմանում խաղալը շատ հետաքրքիր փորձառություն է, որովհետև դուք նայելու եք մի ներկայացում, որը մտածված չէր այս բեմի համար: Բայց թատրոնը երբեք ներփակ չէ, քանի որ կան բեմադրիչը և դերասանները, որոնք մեկնաբանել են և կա հանդիսատեսը, որը յուրովի է մեկնաբանելու՝ լինելով այլ իրականության և այլ մշակույթի կրող: Բեմադրությունները ձեր դատին հանձնելը յուրատեսակ փորձառություն է մեզ համար: Այս պահին արտիստների հիմնական մտահոգությունը ձեր ընկալումն է, որը կարող է մեզ էլ զարմացնել»:

 

Անուշ Ասլիբեկյան

Հ.գ. Ստեֆան Բրոնշվեյգի հետ հանդիպումը ֆրանսերենից թարգմանում էր Լուսինե Աբգարյանը:

Լուսանկարները՝ փառատոնի ֆբ էջից:

 

 

 

 

... ...