«Նռան գույնը». փարաջանովյան պոետիկայի շքահանդես՝ նաև պարի լեզվով

Սավառնող գնդեր, ժանեկազարդ ճերմակ անձրևանոցներ, հայկական գորգեր, բեմ գլորվող նռներ հիշեցնող կարմիր գնդակներ, քամուց թերթվող գրքերի էջեր, խորհրդավոր մթնոլորտ, հոգեթով մեղեդիներ ու խորհրդանիշ-պատկերներ՝ հյուսված ավանդական ու ժամանակակից պարի առանցքի շուրջ. այս ամենն Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում հայ հանդիսատեսի ուշադրությունը ակնդետ գամեցին բեմին՝ տպավորությունների ու զգացմունքների հեղեղ պարգևելով: Ամենուր ճախրող փարաջանովյան շունչ ու ոգով տոգորված մթնոլորտ ու մարմնի, շարժման պոետիկա՝ ընձյուղված մեծ հայի կատարյալ գեղագիտական աշխարհից:

Վերջին տարիներին մշակութային երկխոսությունն ու համագործակցությունը Հայաստանի և այլ երկրների միջև բավական ընդլայնվել է՝ շնորհիվ փառատոների, զանազան ծրագրերի և հայազգի այն ստեղծագործողների, որոնք բնակվում են արտերկրում: Արդեն տասը տարի Հայաստանի և Ֆրանսիայի միջև մշակութային երկխոսության սերտ ու պարբերական կապ է ստեղծում նաև «Սաթէ-Աթղը» թատերական միությունը: Սակայն այս անգամ միության գեղարվեստական ղեկավար  Սաթէ Խաչատրյանը հանդես է եկել ո՛չ որպես բեմադրիչ, ո՛չ պիեսների թարգմանիչ, այլ Փարաջանովի հոբելյանական՝ «Նռան գույնը» նախագծի կազմակերպիչ, գաղափարի հեղինակ, գլխավոր պրոդյուսեր: Ընդամենը երկու օր՝ մարտի 15-ին և 16-ին հայ հանդիսատեսը վայելեց հայ-ֆրանսիական համագործակցությամբ աննախադեպ պարային ներկայացումը՝ նվիրված մեծանուն Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյակին, որի հոբելյանը ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի նշանավոր անձանց հոբելյանների ցանկում: Ներկայացման երևանյան պրեմիերան տեղի ունեցավ Հայաստանի ԿԳՄՍ նախարարության, Երևանի քաղաքապետարանի և Լիոնի Մետրոպոլի ֆինանսավորմամբ, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի և ԺԵՊԱԿ-ի աջակցությամբ: «Նռան գույնը» պարային բեմադրության ֆրանսիական առաջնախաղը տեղի էր ունեցել մինչև այդ՝ 2024 թվականի հունվարի 19-20-ին՝ «Տոբոգան», այնուհետև հունվարի 26-ին՝ «Գասկոն» թատրոններում։ 2024 թվականի մարտի 18-ին բեմադրությունը ներկայացվեց նաև Վրաստանում՝ Շոթա Ռուսթավելու անվան պետական ակադեմիական թատրոնում՝ արժանանալով վրացի բարձրաճաշակ հանդիսատեսի առանձնահատուկ ջերմ ընդունելությանը:

Գաղափարի հեղինակի խոսքով՝ բեմադրության դրամատուրգիական հայեցակարգի կենտրոնում երեք հասկացություն է՝ ազատություն, համարձակություն, երկխոսություն, որոնք ստեղծագործական թիմի համար բնորոշում են Փարաջանովին: Թե որքան ջանք է գործադրվել նախագծի կայացման համար, վկայում են դեռևս 2021թ. սկսված բանակցությունները, 2022թ. հուլիսին Մուրադ Մերզուկիի այցը Երևան, որն ուղեկցվեց բալետի պարողների հետ հիփ-հոփի վարպետության դասերով, իսկ 2023 թ. նշանավորվեց ապագա ներկայացման խորեոգրաֆի, բեմանկարիչ Բենժաման Լըբրըտոնի, «Տոբոգան» և «Գասկոն» ֆրանսիական թատրոնների տնօրենների և Սաթէ Խաչատրյանի Հայաստան այցով։

Գալով խորեոգրաֆ Մուրադ Մերզուկիին՝ նկատենք, որ վաղուց արդեն Ֆրանսիայի սահմաններից դուրս ճանաչված խորեոգրաֆը ֆրանսիական պարարվեստում իր ուրույն տեղը հաստատել է սեփական գեղարվեստական համակարգով, այն է՝ հիփ-հոփի, բրեյք դանսի համադրումը պարային այլ ոճերի հետ: Դեռևս յոթ տարեկանում նա սկսել է զբաղվել արևելյան մարտարվեստներով և կրկեսային ժանրով։ Հետագայում «փողոցային պարերին» զուգահեռ՝ ուսումնասիրել է խորեոգրաֆիկ այլ ժանրեր՝ ուսանելով անվանի պարուսույցների մոտ: Ձեռք բերված փորձն օգնել է նրան իրականացնել իր երազանքը՝ ստեղծել պարային կոմպոզիցիաներ՝ համատեղելով այս բոլոր ուղղությունները: Իր գեղարվեստական ոճը զարգացնելու համար 1996թ. հիմնել է սեփական «Käfig» (թարգմ.՝ վանդակ) պարային ընկերությունը: Ըստ «Թատրոնի միջազգային ինստիտուտի» տեղեկատվության, պարուսույցը ստեղծել է 22 բեմադրություն (այժմ արդեն 23), իսկ նրա ընկերությունը խաղում է տարեկան միջինը 150 ներկայացում ամբողջ աշխարհում:[i] Նա նաև ղեկավարում է «Karavel» պարային փառատոնը:

Խորեոգրաֆը նկատում է, որ հոգեհարազատ է մնացել Փարաջանովի վիզուալ մտածողությանը և սցենոգրաֆիկ տեսլականին, սակայն միաժամանակ պահպանել է իր ոճը. «Ես ինձ թույլ եմ տվել ազատ լինել և ցուցադրել Փարաջանովի ֆիլմն այնպես, ինչպես ես եմ հասկացել»:[ii] Նա նաև ավելացնում է, որ իրեն Փարաջանովի հետ հարազատացնում է պատմությունը պատմելու եղանակը, որտեղ չկա նախաբան, սյուժեի զարգացում, կուլմինացիա և հանգուցալուծում, այլ հանդիսատեսի հետ հաղորդակցվում է միմյանց հաջորդող կերպարներով և տեսարաններով:

Փարաջանովյան կադրի գեղագիտությունն անշարժությունն է՝ բազմախորհուրդ  սիմվոլիկայով, էսթետիզմով ու պոետիկ լեզվով: Այն ասես կտավ է, կամ կոլաժ՝ շրջանակված նույնչափ գեղագիտական շրջանակով, սակայն շարժապատկեր է դառնում այն մի քանի րոպեների ընթացքում, երբ այնտեղ շարժում է հայտնվում, ավելի հաճախ՝ երկրորդ պլանում, հպանցիկ: Բեմադրիչ Մերզուկին այդ հպանցիկն առաջին պլան բերելով՝ դարձնում է իր բեմադրության հիմնական ոճը՝ բեմի պայմանական շրջանակում ստեղծելով մարմնի արտահայտչականության գեղագիտությունը: Նա շարժման մեջ է դնում նաև բեմական իրերը՝ ստեղծելով տարածաժամանակային իր չափումները, որտեղ վերևից կախված գնդերը ճոճվելով՝ ասես հանդիսատեսին տեղափոխում են անսահմանություն: Գնդերի հետ խաղի բռնված պարողները թվում է՝ ճախրում են, սավառնում են տիեզերքում՝ մասնակցելով մոլորակների շքահանդեսի, ապա հնչում են եկեղեցու զանգերը, և գնդերը հանդիսատեսի մտապատկերում վերածվում են եկեղեցու զանգերի խորհրդանիշների: Պարային շքեղ տեսարանի ավարտին գնդերը շարունակում են ճոճվելով քիչ-քիչ վեր բարձրանալ՝ ժամացույցի աջ ու ձախ ռիթմիկ օրորվող ճոճանակը հիշեցնելով և ստեղծելով ներկայացման  ժամանակը խորհրդանշող տարածաչափությունը:

Ներկայացումը բաժանելով տեսարանային ու իմաստային մի քանի մասի՝ նկատում ենք, որ դրանցից յուրաքանչյուրն իր բոլորովին տարբեր սյուժեով ու պատկերային համակարգով, խիստ միաձույլ է ընդհանուր դրամատուրգիական կառույցին: Ներկայացման ներքին գործողությունը ոչ մի պահի չի ընդհատվում, չի շեղվում այլ ուղղությամբ և դասական դրամայի օրինաչափություններին համապատասխան՝ ընթանում է գործողության մեկ ընդհանրական առանցքի շուրջ: Անվերջ շարժումը  կապում է նախորդ միզանսցենը հաջորդին ոչ թե ընդունված՝ տեսարանի ավարտ ու սկիզբ սկզբունքով, այլ մեկից մյուսի փոխակերպմամբ՝ հանդիսատեսին տեղափոխելով իրականությունից վեր խորհրդապաշտական մեկ այլ հարթություն, որն ունի իր ռիթմերը, իր առաձգականությունը, իր գույները, լույսերը ու ստվերները: Այս բեմադրությունը ոչ թե ֆրանսիացի բեմադրողի հայկական մոտիվներով բեմադրության փորձ է, այլ ամենճաշակավոր ու բարձր իմաստով հայկական, արդիական բեմադրություն, որում պարում են հայ և ֆրանսիացի արտիստներ, որում ոչ մի ավելորդ իր ու դետալ չկա: Բեմադրիչը զգացել է ոչ միայն Փարաջանովի ոգին, այլև առհասարակ հայկականության շունչը՝ դա արտահայտելով ժամանակակից պարի, հայկական ազգային պարի դրվագների և կովկասյան այլ պարերի էլեմենտների համադրությամբ:  Երախտագիտությամբ ընդգծենք, որ այս հարցում մեծ է հայկական թիմի նախաձեռնողականությունը, որոնց ազգային մտածողության ու նվիրումի շնորհիվ բեմադրությունն ընթացել է ճիշտ ուղղությամբ:

Բեմադրության հաղթաթուղթը նաև Բենժաման Լըբրըտոնի բեմական ձևավորումն է և գրագետ բեմադրված լույսը (լուսային ձևավորումը՝ Յոան Տիվոլիի): Միզանսցենները կառուցվում են կարմիրի գերիշխանությամբ՝ երեք հայկական, նախշազարդ գորգերի շուրջ, որոնք հանդիսատեսի ենթագիտակցության ու ճաշակի վրա շենշող ազդեցություն են թողնում: Գորգերը զուտ գեղեցկություն կամ մթնոլորտ չեն, թեև այդքանն էլ բավական կլիներ. բեմում մթնոլորտը առաջնահերթ կարևորություն ունի: Բեմադրիչ Մերզուկին, խաղարկելով գորգերը, տեսարաններ է կառուցում՝ հատկապես մեջտեղում կախված գորգի ու դրա հետևից դեպի բեմ ելումուտ անող արտիստների հմուտ պարով: Դրանց ֆոնին հայկական ծիսական խաղ է հիշեցնում փայտյա աստիճանի միջոցով կառուցվող պարային դրվագը, որը դարձյալ տարաբնույթ մեկնաբանությունների առիթ կարող է տալ: Հատակից կտրված աստիճանը պարողների ձեռքերում է, որի վրա ճարպկորեն մագլցող արտիստները ցատկում են մյուս պարողների ձեռքերին՝ ապա փոխվում տեղերով: Տեսարանն ասես կառուցվում է երկնքի ու երկրի միջև, հողեղենի ու վերերկնայինի սահմանին՝ հայկական երգերի պարային ռիթմերի և զուռնայի հնչյունների էլեկտրոնային հնչողության մեկնաբանություններով:

Առանձնահատուկ ուշադրության են արժանի բեմական հագուստները: Ընտրված գույները՝ լազուր կապույտի, մարմնագույնի, հայկական գորգի նախշազարդերի և մանրանկարչության երբներանգ գունապնակի համադրությունն են: Զգեստների հեղինակ Էդգար Մանուկյանը մեկ բեմադրության համար ստեղծել է պարային կոստյումների մեծ բազմազանություն՝ ազատ պարային զգեստներից մինչև հայկական տարազի էլեմենտներով, նաև որոշ տեսարաններում՝ հատուկ ոճավորմամբ գեղարվեստական կոստյումներ՝ ժանեկազարդ ճերմակ հարսնազգեստներ, սև վեղարատիպ թիկնոցներ: Սակայն ամենացայտունը գլխավոր դերակատարուհու՝ Սվետլանա Մխիթարյանի շքեղ գլխանոցով, կանաչի ու դեղինի երանգներով նախշազարդ լայն զգեստն է, որը բնության զարթոնքի, բույսերի, ծաղիկների խորհրդանիշն է՝ փարաջանովյան գեղագիտությամբ ներծծված: Բեմադրությունը «Նռան գույնի» ներշնչանքով, սակայն խորեոգրաֆի սեփական աշխարհի արարումն է և ո՛չ կրկնություն, կամ պատճենում: Այստեղ կարելի է տեսնել հղումներ փարաջանովյան այս կամ այն հերոսին կամ տեսարանին, բայց միայն հղումներ, որ պտտվում են կյանքի վաղանցիկության, բնության կատարելության, մարդու երկակի բնույթի և ազգայինի տիրույթներում:

Հանդիսատեսի մտապատկերում դաջվում է հատակին փռված բազմաթիվ գրքերով փարաջանովյան մատյանների տեսարանը ֆիլմից: Դրանք թերթվում են քամուց և պարողների միջև խաղարկվում, ապա պարողների ձեռամբ աննկատ հավաքվում են իրար վրա՝ գրքերի բուրգեր դառնալով, որոնց վրա էլ պարողները մի պահ քարանում են արձանիկների պես: Ներկայացումը յոթ տաղանդավոր պարողների խմբակային և անհատական կատարումների հաջորդականությունն է, սակայն այնքան հագեցած է ու գունեղ, որ տպավորություն է, թե մի մեծ պարախումբ է բեմում: Հատկապես աչքի են ընկնում ֆրանսահայ պարող Վարդան Ագուջյանի կատարումները, որի բարձր հասակը, առինքնող արտաքինը և մարմնի պլաստիկան շահեկանորեն առանձնացնում են նրան: Հայաստանից հրավիրված պարողները երկուսն են՝ Թաթուլ Ալթունյանի անվան երգի-պարի պետական անսամբլի մենապարող Սվետլանա Մխիթարյանը և պարուհի Տոմա Այդինյանը: Աղջիկները ցուցաբերում են պարային տարբեր ոճերում դրսևորվելու փայլուն ունակություն և հմտություններ: Սակայն Սվետլանա Մխիթարյանի կերպարը, որ դարձյալ հղում է Փարաջանովի «Նռան գույնի» հերոսուհուն, դառնում է տարբեր տեսարանների խորհրդանիշը, առանցքը՝ շնորհիվ պարուհու ձեռքերի ընդգծված պլսատիկայի՝ փարաջանովյան ժեստերի սիմվոլիկ լեզվով, հայկական պարին բնորոշ նազանքի, վարպետության և դիմագծերի վեհաշուք գեղեցկության:

Ներկայացման ամենատպավորիչ ու բազմախորհուրդ պատկերներից է նկարի շրջանակով տեսարանը, երբ հրեշտակների թևերով երկու պարողները բեմ են գալիս նկարի շրջանակով, որում արտացոլվում է աշխարհը, տարբեր հպանցիկ դրվագներ ու դրանում հայտնվող-անհետացող կերպարներ: Նրանց միացած ևս երկու պարողները հետաքրիր զուգապարի մեջ մտնելով՝ տպավորւթյուն են ստեղծում, թե շրջանակը մեկեն հայելի է դառնում, և աջ ու ձախ կողմերում պարող պատանիները կրկնելով միմյանց շարժումներ՝ դառնում են հերոսի հայելային արտացոլանքը, նրա ներքին մենախոսությունն ինքն իր հետ: Ատլետիկ մարմիններով պարողները երբեմն Վերածննդի արվեստի արձանախումբ են հիշեցնում: Նրանք հմտորեն փոխվում են տեղերով՝ հայտնվելով հայելու հակառակ կողմում՝ նման անցումներով ընդգծելով մետաֆիզիկական հարթությունը, որն այնքան բնորոշ է փարաջանովյան կինոգեղագիտությանը:

Բարձր գնահատականի է արժանի «Հող Արթուն» նախագծի հեղինակած երաժշտությունը, որի հիմքում ժամանակակից էլեկտրոնային և ավանդական երաժշտության համադրությունն է՝ լուծված հայկական լադերի մեջ: «Հող արթունը» «Հող» նախագծի և երգիչ, երաժիշտ Արթուր Ալեքի նոր նախագիծն է, որին էլ ներկայացման հեղինակները համագործակցության առաջարկ են արել: Ներկայացման ընթացքում բեմում տարածվում են հանրածանոթ հայկական մեղեդիներ՝ վերածվելով պարային ռիթմերի: Լսվում է կոմիտասյան «Քելե, քելե»-ն ու հայկական ժողովրդական «Առաքել Մուշեղը», երբեմն հնչում են տեքստեր Պատարագից, հեռվից հասնող մանկական ձայները միանում են եկեղեցու զանգերին ու տարրալուծվում էլեկտրո երաժշտության տեմբրների հետ՝ հիշեցնելով փարաջանովյան կոլաժները, այս անգամ՝ երաժշտության լեզվով: Հատկանշական է, որ հայկական գործիքների սեմպլերային հնչյունները ձայնագրվել են հատուկ այս նախագծի համար (դուդուկ, զուռնա, բլուլ՝ Հարություն Չքոլյանի կատարմամբ, կոպալ՝ Գրիգոր Դավթյանի): Որքան արտասովոր, նույնքան ճաշակավոր են միահյուսված դուդուկի, շվիի, դաշնամուրի, թավջութակի, սեմպլերային տեմբրների, էլեկտրոնային և ավանդական հարվածայինների հնչյունները, որոնք ուղեկցվում են պոեզիայով, մարդկային ու բնության ձայներով: Այս գեղագիտությանն են հարում բեմադրության բոլոր բաղադրիչները:

Հայտագրում գրված «հիփ-հոփի և հայկական ավանդական պարի համատեղում» արտահայտությունն ինտրիգային է, առաջին հայացքից անըմբռնելի: Սակայն ամեն նոր տեսարանի հետ հիացումով հայտնաբերում ես ժամանակակից պարի լեզուն, որը կարող էր ազգայինն աշխարհին ճանաչելի դարձնելու բանալի հանդիսանալ նաև մեզանում: Հիփ-հոփ ասվածը բոլորովին տարբեր արտահայտություն ունի Մերզուկիի  խորեոգրաֆիայում, այստեղ անցումներն ավելի սահուն ու հղկված են, Մերզուկիի խոսքով, իր ոճում ոչ թե փողոցի պարն ադապտացվել է, այլ զարգացման նոր փուլ է մտել:[iii]

Ներկայացման կուլմինացիայում իրենց բարձրակետին են հասնում հայկական  «Յարխուշտայի» հնչյունները՝ ժամանակակից պարի ու «Քոչարի»-ի էլեմենտներով: Խրոխտ ռիթմերին հաջորդում է մեդիտատիվ երաժշտություն: Խմբակային պարի տեսարանում դարձյալ դիցուհու պես հայտնվում է գլխավոր հերոսուհին՝ այս անգամ անիվների վրա սահելով անշարժացած պարողների շուրջ: Երաժշտությանը համաձույլ հնչող տեքստային լեյտմոտիվը Սայաթ-Նովայի պոեզիայից է՝ «Դուն կրակ, հագածդ կրակ» տողի փարաջանովյան «Դուն կրակ, հագածդ սև» տրանսֆորմացիան կանացի ձայնի երաժշտական ու դրամատիկ ինտոնացիայով (անմիջապես ճանաչելի է դառնում Սաթէ Խաչատրյանի ձայնի ականջահաճո, մոգական տեմբրը): Արտահայտությունը ձուլվելով մեղեդուն, մի քանի անգամ կրկնվելով՝ բեմադրությունը դարձնում է նաև մեր երկրում իշխող տրամադրություններին ու հանդիսատեսի սրտերում թաքնված ծանր ապրումներին համահունչ: Սևազգեստ պարողներն աստիճանաբար մտնում են շարժման մեջ, ապա շարժումը վերածվում է ճախրանքի: Նրանք ինքնամոռաց պտտվում են դերվիշների պես ու տեսարանի ավարտին հանդիսատեսին հասցնում զգացմունքների խտացման բարձրակետին:

Հայ-ֆրանսիական «Նռան գույնը» բեմադրությունն ազգերի բարեկամության և մշակութային երկխոսության անչափ հաջողված մի նախագիծ է: Պատահական չէ, որ բեմադրությունն արդեն հրավերներ ունի ֆրանսիական 20-ից ավելի թատրոններից: Ստեղծագործական խմբին մաղթենք նաև համաշխարհային ամենատարբեր բեմերի նվաճում, քանի որ պարի լեզուն ունիվերսալ է, իսկ Փարաջանովի արվեստն ազգային լինելով հանդերձ՝ համամարդկային է և կարող է ամբողջ աշխարհում հայկականի թարգմանն ու այցեքարտը դառնալ:

 

[i] https://www.international-dance-day.org/pdfs/Biography_Merzouki_russian.pdf

[ii] https://arminfo.info/full_news.php?id=82491

[iii] https://nofixedpoints.com/mourad

 

Լուսանկարները Ժյուլի Շերկի և Արմենպրեսի

 

Անուշ Ասլիբեկյան

 

 

... ... ... ...