«Նռան գույնը» ֆիլմը եվ Սերգեյ Փարաջանովը

Այսօր գեղանկարիչ, կինոնկարիչ, Հայաստանի ժողովրդական արտիստ, ազգային կինոյի Ոսկե ֆոնդի լավագույն ֆիլմերի բեմադրող նկարիչ և բազմաթիվ մուլտֆիլմերի  բեմադրող ռեժիսոր Ստեփան Անդրանիկյանի ծննդյան օրն է, նա կդառնար 95 տարեկան: Իր մեծ տաղանդի, նուրբ ճաշակի հետ Անդրանիկյանն օժտված էր մի շատ կարևոր առաքինությամբ՝ ազնիվ մտավորական էր և օրինավոր մարդ: Այն գեղեցիկ ու  մեծարժեք ժառանգությունը, որ նա թողել է կինոյում և գեղանկարչության մեջ, դեռ արժանի գնահատման կարիք ունի: Անդրանիկյանի մեծ, հնարավոր ամբողջական  ցուցահանդեսի, նրա ստեղծագործությունների պատկերագրքի մասին մտածում է նկարչի ընտանիքը՝ դուստրերն ու որդին, որոնց ջանքերով հրատարակվել է նկարչի  «Հուշեր կյանքի տևողությամբ» գիրքը: Այս հուշագրության հիմքը հեղինակի  օրագրերն են, որոնք Անդրանիկյանը սկսել է գրել 16 տարեկանից: Վերջին գրառումն արել է մահվանից մի քանի օր առաջ՝ 2017-ի փետրվարի 2-ին: Գիրքն, ըստ էության Անդրանիկյանի ապրած ժամանակի տարեգրությունն է, այն կենսափիլիսոփայությամբ  ու նաև ցավով լեցուն խոհագրություն է: Նկարչի  հոբելյանի առիթով «ArtCollage»-ի ընթերցողներին առաջարկում ենք ծանոթանալ նրա հուշագրությունից մի դրվագի, որում Անդրանիկյանը պատմում է Փարաջանովի և «Նռան գույնի» ստեղծման մասին:

 

***

Սերգեյ Փարաջանովի մասին ես արդեն մի քանի անգամ հիշատակել եմ։ Բայց հիմա կխոսենք նրա մասին` որպես մարդու, ռեժիսորի և ինչու չէ, որպես իսկական նկարչի։ «Հայֆիլմ» կինոստուդիային կից` Տերյան 2-ում, որտեղ կհանդիպեիր ուզածդ կինոմասնագիտության տեր անձնավորության, այսօր արտակարգ աշխուժություն էր տիրում։ Ի զարմանս ինձ` իմացա, որ Կիևից եկել է Փարաջանովն ու արդեն մեկ ժամից ավելի ստուդիայի տնօրենի մոտ է։

Վերջին անգամ տեսնվել էինք Սերգեյի հետ 1964 թվականին, երբ մեր նկարահանման խումբը գտնվում էր Կիևում` «Ճանապարհ դեպի կրկես» ֆիլմով, իսկ Սերգեյն աշխատում էր «Մոռացված նախնիների ստվերները» ֆիլմի վրա։ Այդ ժամանակ Սերգեյը մեզ հաճախ էր ասում այն մասին, որ ցանկություն ունի «Հայֆիլմում» նկարահանելու «Սայաթ-Նովա» կամ «Արա Գեղեցիկ ու Շամիրամ» ֆիլմերը։ Ու չափազանց պատկերավոր, այնպես, ինչպես կարող էր անել Սերգեյը, նկարագրում էր տարբեր դրվագներ այդ սցենարներից։

Դիմում էր մեզ` երևանցիներիս, թե գնացեք, ասեք ձեր ղեկավարությանը, որ Կիևում հայտնվել է մի «շուռ տված» հայ, որը ցանկություն ունի ստեղծելու վերջապես իսկական ազգային կինոնկար։

Եվ ահա այդ «շուռ տված» հայն արդեն Երևանում է, բանակցություններ է վարում տարբեր մակարդակներում, որպեսզի թույլ տան իրեն` անելու այն, ինչի մասին վաղուց է երազել։

Մեր հանդիպումը Սերգեյի հետ ջերմ էր։

Ողջագուրվելուց հետո Սերգեյը թևիցս քաշեց` ասելով.

-Դու ինձ պետք ես, գնանք սցենարական բաժին` Թոփչյանի մոտ։ Լուրջ խոսակցություն կա։

Պարզվում է, որ հարցը լուծված է, Փարաջանովը թողարկում էր արտադրության «Սայաթ-Նովա» սցենարը։

Երկու օրից Կիևից գալու էր օպերատոր Սուրեն Շահբազյանը։ Հանկարծ Սերգեյը անսպասելի դիմեց ինձ.

-Ստյոպա, կարծում եմ` դեմ չես ինձ հետ աշխատելու` որպես ֆիլմի նկարիչ, ի՞նչով ես զբաղված, թող ամեն ինչ, հարկավոր է գործի լծվել, նկարահանման խումբը կազմավորել։ Այդ հարցում պետք է ինձ օգնես։ Ես մարդկանց չեմ ճանաչում։ Ինձ պետք են գործին նվիրված մարդիկ, որոնք չեն վախենա, քրտինք թափող մարդիկ։ Գլուխ պահողներ պետք չեն։

Ես ասացի. -Առաջարկիդ համար շատ շնորհակալ եմ։ Ուրախությամբ կաշխատեմ քեզ հետ։

Երկու օրից Սուրեն Շահբազյանը Երևանում է, կազմվում է նախնական ծրագիր` առաջիկայում կատարվող մեր աշխատանքների համար։ Հավաքել հին զարդեղեն և զգեստներ`փորձնական նկարահանումներ կատարելու համար։ Հետո անհրաժեշտ էր մեկնել Հայաստանի պատմական հուշարձաններով հարուստ շրջանները` բնանկարահանումների համար տեղանքի նախնական ընտրություն կատարելու։ Մի քանի օրից հետո հրամանով թողարկվեց «ՍայաթՆովա» ֆիլմը։ Մտնում ենք նախապատրաստական շրջան։ Մեր նկարահանման խումբը դեռ սահմանափակ է` ընդամենը հինգ-վեց հոգի։

Երկու շաբաթում մենք եղանք Հայաստանում գտնվող գրեթե բոլոր պատմական նշանակություն ունեցող շրջաններում։

Տեղանքն ընտրելու հետ մեկտեղ՝ մենք տեղի բնակիչներից գնում էինք հին արծաթյա զարդեր, գոտիներ, վզնոցներ, ապարանջաններ, կրծքակալներ և իհարկե, զգեստներ ու կահկարասի, որոնք պահպանվել էին մեր տատիկների սնդուկներում։ Գտնված իրերի մեծ մասը պատմական էին և գալիս էին դեռ 18-րդ դարի վերջից և 19-րդ դարի սկզբներից։ Հիշում եմ, թե Փարաջանովն ինչպիսի զարմանքով, հետաքրքրությամբ ու սիրով էր ձեռքն առնում ամեն մի իրը։ Անմիջական, բարձր գոչումներով արտահայտում իր հիացմունքը` այս կամ այն իրը տեսնելով` ինչ-որ տեղ ի վնաս մեր ֆինանսական գործարքների։ Ինչպիսի՜ հիացմունքով էր դիտում ամեն մի եկեղեցի, շոյում ձեռքերով ամեն մի խաչքար ու համբուրում։ Ամեն անգամ տեսնելով հին եկեղեցի կամ խաչքարեր` բացականչում էր.

-Ինչ ավանակն եմ ես, որ մինչ օրս չեմ տեսել այս գլուխգործոցները, դարերից եկող պատմության այս «վայրի» մարգարիտները…

Որոշ դեպքերում, երբ գիտցածիս չափ մեկնաբանություններ էի անում` պատմական այս կամ այն իրադարձությունների հետ կապված, հնությունների կամ եկեղեցիների կառուցման ժամանակաշրջանը նշելով, Փարաջանովը համբուրում էր ճակատս ու մի փոքր լռելուց հետո ավելացնում.

-Ես երջանիկ եմ, որ վերջապես առնչվում եմ իմ ժողովրդի նախնիների հանճարեղությանը, ես ապշած եմ։

Եվ իսկապես։ Մինչև Հայաստան գալը` Փարաջանովը գաղափար անգամ չուներ, թե ինչ է իրենից ներկայացնում Հայաստանը։ Նա բոլորովին անտեղյակ էր մեր դարերից եկող ճարտարապետական գլուխգործոցներից և առհասարակ հայկական մշակույթից։ Հայաստանը նրա համար չբացված գիրք էր, որ նոր էր բացվում նրա առջև, և նա զարմացած էր իր հայտնագործությունից։

Վերադարձել էինք մեր շրջագայությունից և աշխատում էինք ռեժիսորական սցենարի վրա։ Դժվարությամբ էր գնում գործն առաջ։ Փարաջանովը նյարդայնացած էր։ Ինչ-որ բան այն չէր, չէր ստացվում։ Մի օր էլ` սցենարի վրա աշխատելիս զայրացած բացականչեց.

-Բավական է։ Գրողի ծոցն այս ամենը։ Մարդկությունը կուշտ է սոցռեալիզմից։ Մենք կնկարենք մի այլ ֆիլմ, որն աշխարհը դեռ չի տեսել…

Երկու օրից Փարաջանովը մեզ բաժանում է վերափոխված սցենարական պլանի օրինակները` ասելով. -Սա ենք մենք նկարահանելու, կողմնորոշվեք սրանով։

Այն, ինչը ներկայացրեց մեզ Փարաջանովը, ոչ մի առնչություն չուներ նրա` «Հայֆիլմ» ստուդիայի ղեկավարությանը և պետկոմիտեին ներկայացված սցենարի հետ։

Սկսում ենք դերասանների ընտրությունը և նրանց համար զգեստներ պատվիրելը։ Ինձ գործուղում են Մոսկվա` կտորեղենի ֆակտուրաներ, չինական կամ ճապոնական դիպակներ, մետաքսյա և թավշյա թանկարժեք տեսակի գործվածքներ ձեռք բերելու համար։ Լինում եմ Մոսկվայի գլխավոր պահեստներում, որտեղից կտորեղեն էր առաքվում Միության տարբեր քաղաքներ։ Այստեղ ընտրում եմ մեզ համար անհրաժեշտ կտորեղենը` տարբեր ֆակտուրաների` դիպակ, ատլաս, թավիշ, որոնք բավականին թանկարժեք էին, բայց և շատ անհրաժեշտ մեր նկարի համար։ Գալիս եմ Երևան` բերելով ինձ հետ ընտրածս կտորների նմուշները։ Իմ բացակայության ընթացքում հրավիրել էին Թբիլիսիից Սոֆիկո Ճիաուրելիին, Գեգեճկորիին, փոքրիկ Սայաթ-Նովայի դերակատարին` Մելքոնին, Վիլեն Գալստյանին և այլոց։ Կատարված էին փորձնական նկարահանումները դերասանների հետ, համապատասխան միջավայրում, որը չտեսնված վարպետությամբ ստեղծել էր Սերգեյը։ Փորձնական նկարահանումները ցուցադրվեցին հրավիրված նկարիչներին, գրողներին և կինոգործիչներին։ Այդ ժապավենը նկարված էր այնքան գունեղ և տպավորիչ, որ բոլոր ներկաները հաճույքով համաձայնվեցին ֆիլմն այդ նույն ոճով նկարելու։

Եվ այսպես սկսվեցին «Սայաթ-Նովա» ֆիլմի նկարահանումները։ Սկզբնական շրջանում` Հաղպատում, ապա Սանահինում։

Ի սկզբանե պիտի ասեմ, որ Փարաջանովը ֆիլմը նկարում էր իմպրովիզացիոն ձևով։ Նա գալիս էր նկարահանման վայրը` ձեռքին ունենալով մի թղթի կտոր, որի վրա շատ համառոտ թվարկվում էին գործող դերակատարների անունները, նկարահանման վայրը, ինչ ռեկվիզիտ է հարկավոր, և ինչպես պետք է հագնված լինեն դերասանները։ Նա շատ դեպքերում մեզ անակնկալի էր բերում` պահանջելով բաներ, որոնց պատրաստելը ժամանակ և միջոցներ էր պահանջում։ Օրինակ` կաթողիկոսի մահվան տեսարանում, որը նկարահանում էինք Հաղպատի մեծ տաճարի գավիթում, որտեղ Սայաթ-Նովան գերեզման է փորում, պետք էր աստիճանաբար այդ գավիթը լցվեր մարդկանցով, որոնք գալիս էին հրաժեշտ տալու իրենց հովվին` կաթողիկոսին։ Գալով նկարահանման վայրը` Փարաջանովը հարցնում է ադմինիստրատորներին ու ասիստենտներին.

-Մարդկանց հավաքե՞լ եք։

-Այո՜, -պատասխանում են նրանք։

-Շատ իզուր, ինձ մարդիկ հարկավոր չեն։ Հենց հիմա բերում եք երեք հարյուր ոչխար, նրանք պետք է փոխարինեն մարդկանց։

Ասիստենտները և ադմինիստրացիան խառնվում են իրար։ Նկարահանումները հետաձգվում են, մինչև որ ոչխարներ գտնեին և բերեին նկարահանման վայրը։ Կամ նկարահանում ենք Սանահինի եկեղեցու գավթում ժանյակներով կույսերի տեսարանը։

Նախնական ընտրության ժամանակ գավթի պատերի մթության, սևության մասին ոչինչ չասվեց։ Եկել ենք նկարահանման։ Ապարատուրան և լուսավորման սարքավորումները դրված են։ Կանչում է ինձ Փարաջանովը և ասում է.

-Ստյոպա, չե՞ս կարծում, որ այս գավթի պատերը շատ մռայլ են, մի տեսակ սևացած, հարկավոր է ներկել, սպիտակեցնել։

Ես պատասխանում եմ.

-Սերգեյ, ներկելու համար նախ ժամանակ է պետք, հետո գիտես, որ մեզ խստագույնս արգելել են եկեղեցիներին ձեռք տալ, ինչ-որ բաներ փոխել կամ ներկել, դա Էջմիածնի պահանջն է։  

-Սուրեն, -դիմում է Փարաջանովը օպերատորին, -դու կարո՞ղ ես այս միջավայրում, նման վիճակում նկարել։

-Չէ, -պատասխանում է օպերատորը, -շատ մռայլ է, լուսավորությունը չի բավարարում, լավ կլիներ պատերը և սյուները մի փոքր լուսավոր լինեին։

Գտնում եմ ադմինիստրատորին, ասում եմ, որ գնում եք գյուղսովետ, խնդրում եք երեք կիլո պղնձարջասպ։ Գնում եմ։

Սա բաց կապտավուն փոշի է, որով խաղողներն են սրսկում։ Կես ժամից բերում են այդ փոշին։ Սկսում ենք փչել պատերին և սյուներին` և ի՞նչ։ Գավթի ամբողջ միջավայրը լուսավորվեց մի քանի անգամ բաց կապտավուն լույսով։ Փարաջանովը և մանավանդ Սուրենը շատ գոհ մնացին։ Սկսեցինք նկարել։ Այսպիսի անսպասելի պահեր շատ են եղել, որոնց տակից մի կերպ հնարամտությամբ դուրս էինք գալիս։

Մի օր էլ Հաղպատում պատրաստվում էին նկարելու մատաղի տեսարանը` կամարաձև քարից շինված երեք աղբյուրների մոտ։ Մորթված էին երեք ոչխար ու կախված կեռերի վրա։ Ժամը տասներկուսն անց երեսուն րոպե երկու մեքենա մեզ մոտ բարձրացան` վրացական համարանիշերով։ Այդ մեքենաներից դուրս եկան Սոֆիկոն, նրա ամուսինը, Շենգելայան, Բորիս Ջորբենաձեն, Ելենա Ախվլեդիանին, Կարալյանը, Գեորգի Գեգեճկորին` ծերացած Սայաթ-Նովայի դերակատարը, պոետի մայրը` դերասանուհի Մ. Ջափարիձեն, պոետի հայրը` Ս. Բաղաշվիլին, մոտ տասը-տասներկու հոգի։

Տեսնելով ժամանած հյուրերին`Փարաջանովը բարձրախոսով հայտարարեց.

-Ուշադրություն, նկարահանումները հետաձգվում են։ Մենք ընդունելու ենք մեր թանկագին հյուրերին։

Մորթված ոչխարներն էլ` նրանց մատաղ…

Հյուրերը Փարաջանովի հետ գնացին դիտելու Հաղպատի եկեղեցու հուշարձանները։ Կանաչեղենով, պանրով ու խաշլամա-խորովածով նստեցին սեղանի շուրջը` նկարահանման խումբը և հյուրերը։ Սկսվեց խրախճանքը։ Բաժակաճառեր երկու եղբայր ժողովրդների և նրանց բարեկամության կենացը։ Մի խոսքով, մարդիկ գինովցան, շատախոս դարձան, խոսում էին`առանց մեկը մյուսին լսելու։ Մի քանիսը ոտքի էին ելել` հոգնած գետնին նստելուց։

Փարաջանովն անսպասելի առաջարկում է հյուրերին` դիտել մեր ռեկվիզիտանոցը, որն ավելի շուտ թանգարանի էր նման։ Երկու սենյակներից մեկում զարդեղենն էր, մյուսում` զգեստները։ Հյուրերը, չնայած այն բանին, որ մեծ մասը գտնվում էին գինու ազդեցության տակ, մեծ ուշադրությամբ նայում և հիանում էին՝ հնամենի արծաթյա գոտիներ, վզնոցներ, կրծքակալներ, ականջից կախվող գլխի զարդեր։ Հանկարծ տեսնում եմ, որ Սերգեյը կանանց վզնոցներ է հագցնում՝ ասելով` սա ձեզ, տղամարդկանց գոտիներ նվիրում`արծաթյա 1,5-2 կիլոգրամ քաշով։ Մի խոսքով, ամեն մի հյուրին ինչ-որ թանկարժեք բան է նվիրում` ասելով, սա ձեզ, հիշատակ նկարահանման խմբից։ Նկատեցի ֆիլմի դեկորատոր Միքայել Առաքելյանին, որը բարձրաձայն դժգոհություն էր հայտնում Փարաջանովի շռայլությունից։

Ես մոտենում եմ Առաքելյանին, մեզ է մոտենում և նկարիչ Լիպոն։ Ես նրանց ասում եմ.

-Շուտ վերցրեք զարդերի պայուսակներից մեկը, դուրս եկեք, կանգնեք դռան առջև և հետ վերցրեք զարդերը հյուրերից։ Հյուրերը, շատ գոհ իրեն ստացած նվերներից, սկսեցին մեկիկ-մեկիկ դուրս գալ սենյակից։ Դռան մոտ նրանց դիմավորում էին Միքայելը և Լիպոն` ներողություն խնդրելով ամեն մեկից, զգուշորեն հանում էին զարդերը վրաներից` ասելով.

-Սա փարաջանովյան հերթական կատակներից է։ Այս իրերը նկարվում են ֆիլմում։ Հետաքրքիրն այն է, որ հյուրերից ոչ մեկը չհայտնեց իր դժգոհությունը` զարդերը հետ վերցնելու կապակցությամբ։ Արդեն երեկո էր, երբ հյուրերը, հրաժեշտ տալով մեզ, նստեցին մեքենաները և մեկնեցին։

Մյուս օրը կիրակի է, չենք աշխատում։ Իջել ենք Ալավերդիի հյուրանոցը, որտեղ ապրում էր Սերգեյը` մեկ անգամ ևս ճշտելու, թե վաղվա նկարահանումներին ինչ ռեկվիզիտ է հարկավոր։ Սերգեյը հերթականությամբ նշում է.

-Ուրեմն, երեք ոչխար, երեք մեծ կաթսաներ, դանակներ, խաշլաման խառնելու շերեփներ, երկու-երեք սինի, դերակատարները` մոտ տասնհինգ-քսան հոգի կանայք և տղամարդիկ, -հա, մեկ էլ չմոռանաք զարդերը, գոտիները, բոլոր մասնակիցները պետք է կրեն…

-Ի՞նչ զարդեր, գոտիներ, չկան…, -առարկեցի ես։

-Ինչպե՞ս չկան, -զարմացավ Սերգեյը։

-Դու երեկ չնվիրեցի՞ր հյուրերիդ` ամեն մեկի վզից կախելով ու գոտկատեղերը կապելով։ -Լուրջ ես ասում, տարե՞լ են, -տեղից վեր թռավ Սերգեյը զայրացած, -ես կատակ եմ արել, այդ չեք հասկացել, տխմարներ։

-Իսկ ինչի՞ց պետք է հասկանայինք, որ դա կատակ է, դու մեզ ոչինչ չասացիր, Սերգեյ։ Փարաջանովը լուրջ անհանգստացած էր, սենյակի մի անկյունից մյուսն էր գնում` ինքն իրեն նախատելով։ Տեսնելով նկարի ադմինիստրատոր Կիկոդելեին` ասաց.

-Բիձինա, վաղն առավոտյան մեքենայով գնում ես Թբիլիսի ու բոլորից անխտիր հավաքում այն զարդերն ու բերում այստեղ։ Մենք ոչ մի կադր չենք կարող նկարել առանց այդ զարդերի։

Տեսնելով, որ վիճակը շատ է բարդանում, ու Սերգեյը բավականին բարկացած է, հանգիստ ասում է.

-Հանգստացիր, Սերգեյ, զարդերը տեղում են։

-Ինչպե՞ս թե, -բացականչեց Սերգեյը, -դա ճի՞շտ է։

-Ճիշտ է, ճիշտ է, -միաբերան բացականչեցին Միքայելն ու Լիպոն։

-Անդրանիկյանը մեզ կարգադրեց` հյուրերից ներողություն խնդրելով, ետ վերցնել զարդերը` ասելով` կներեք, սա փարաջանովյան կատակ է։

Սերգեյը, գրկելով մեզ, համբուրեց` ասելով.

-Ապրեք, շատ ապրեք, խելացի եք գտնվել։ Թե չէ, քիչ էր մնում սրտի կաթված ստանայի։ Սա ինձ համար լավ դաս էր, որ նման հանաքներ չանեմ։

 

1967-1969թթ.