«Մենք ենք, մեր սարերը» կամ մի փոքր բանի տիրույթից

Անցյալ դարի 60-70-ականները ինչպես համաշխարհային, այնպես էլ հայ մշակույթում ոսկի դարաշրջան եղան: Որոնումների տարիներ էին, մարդը փնտրում էր մարդուն: Ու երբ գտնում էր, նա «վերածնվում էր» գրականության մեջ, արվեստում: Մշակույթը դառնում էր հայելի, ուր մարդը նորից գտնում էր իրեն, ճանաչում, զարթնում: Եվ եթե բանն էր ի սկզբանե, ապա գրողի ծնունդն ամենալավ առիթն է խորհրդածելու բանի՝ խոսքի, նրա ստեղծած միջավայրի, ազդեցության և դրա միջոցով ինքդ քեզ նորից գալու մասին: Փետրվարյան տարեդարձներից լոռեցի հսկաների՝ Թումանյանի ու Մաթևոսյանի ծնունդը դա է հիշեցում: Նրանց խոսքը դառնում է այն կրակը, որ կյանք է տալիս, իր շուրջը համախմբում քարայրում ապրող մարդուն ու մեր ժամանակակցին: Ու երբ հիշում եմ «Մենք ենք, մեր սարերը», աչքիս առաջ կրակի շուրջ հավաքված հովիվներն են, որ նստել են ու խորհրդածում են բանից ու աշխարհից:

Եթե ինձ հարցնեն՝ ո՞վ է Մաթևոսյանը, պիտի պատասխանեմ՝ «Մարդ, ով տալիս է տիեզերաստեղծ հարցեր»: Այս հարցերը, բանաստեղծաբար ասեմ, խնկաբույր են, նա տալիս է աշխարհը բացահայտողի, վերապրողի պես, ճիշտ այնպես, ինչպես մանուկը կարող է տալ: Ճիշտ նույն վճիտությամբ: Բայց այս թվացյալ միամտությունն իրականում այն բացարձակի, վերինի իմաստությունն է, որ ուղեցույց է դառնում մեզ համար:
1969 թ. Հենրիկ Մալյանը նկարում է «Մենք ենք, մեր սարերը» կինոնկարը: Վիպակը Մաթևոսյանը դեռ վաղուց էր գրել, մինչև ֆիլմի գաղափարին գալը: Մինչև այդ նա մեկնել էր Մոսկվա՝ բարձրագույն սցենարական կուրսերի, ուր ավարտական քննությանը հայտնում են, որ իր սցենարը լավագույնն է: Կնոջն այդ տարիներին գրած նամակում Մաթևոսյանը պատմում է. «Հիմա  հարցում պիտի անեն «Հայֆիլմին», որ եթե այնտեղ չեմ ու չկամ, ապա Մոսֆիլմի տրամադրությանը հանձնեն սցենարը»: Հենրիկ Մալյանն էլ հիշում է, ինչպես 60-ականներին իրեն է մոտենում Ռաֆայել Արամյանն ու ասում՝ սցենար էիր ուզում, վերցրու, կարդա… Եվ, ինչպես ասում է Մալյանը. «Գերվեցի Մաթևոսյանի անսովոր արձակով, անսովոր հովիվներով, անսովոր պատմությամբ…»: Վիճակը նետված էր, ֆիլմը պիտի նկարվեր: Մալյանը որոշում է սկսել նկարահանումները, այդ պահին նա ոչ կինոխցիկ ուներ, ոչ էլ ժապավեն: Ռեժիսորը հավաքում է իր խումբը, խնդրում Մաթևոսյանին մի երկու ամիս լինել իրենց հետ, որովհետև, ինչպես ինքն է ասում. «Մաթևսյանի դիալոգն էի նկարելու», իսկ այն պիտի հնարավորինս հարազատ դառնար գրականությանը:

Մաթևոսյան, Մալյան, Մանսուրյան՝ խոսքի, պատկերի ու երաժշտության կատարյալ ներդաշնակության օրինակ է այս կինոնկարը: Դերասանական կազմում՝ Մհեր Մկրտչյան, Խորեն Աբրահամյան, Ազատ Շերենց, Սոս Սարգսյան, Արտավազդ Փելեշյան, Արմեն Այվազյան, Գալյա Նովենց… «մատյան գունդ» է հավաքված ֆիլմում: Եվ պատահական չէ, որ դերասանները հիշում են՝ իրենց համար այդ ֆիլմում աշխատելը կատարյալ տոն էր: Բոլորն անխտիր գորովանքով են հիշում այդ օրերը, իրենց կատակները, մեկ-մեկու հոգու հետ խաղալը: Ինչպես հիշում է Սոս Սարգսյանը՝ «Սեր էր, համատարած սեր»: Հիշում է և Մալյանը, ինչպես նկարահանումներին նկատում է Մաթևոսյանին գետի ափին՝ ձեռքի մեջ քար պահած, ջուրը նետելուն պատրաստ: Իր հուշերում ռեժիսորը գրում է. «Մինչև հիմա ինձ թվում է այդ քարի հետ կարող էիր մեզ նետել, նրանց, ովքեր չէին ծնվել քո Ծմակուտում, քո աշխարհում…»: Սա հանճարի ակնածանքն է մյուս հանճարի հանդեպ: Իր հերթին Մաթևոսյանն է ասում. «Մալյանը փառք ու անուն չաղերսեց, մինչդեռ իր գործով հաղթանակած ելավ, սրբագրեց գործով: Բոլոր ռեժիմներին ապացուցեց, որ պե՛տք է ու կարելի՛ է ստեղծագործել»:

Ստեփան Անդրանիկյանը հիշում է՝ մի տեսարանում Մաթևոսյանը զարմանում է ինչ են նկարում…Մալյանը գալիս է, թևանցուկ անում նրան, դուրս են գալիս պարզելու: «Նրանք այնքան տակտով էին,-ասում է նկարիչը,- որ խմբի մոտ չէին պարզաբանում…Հանճարների միասնություն էր»: Եվ հուզիչ է, որ մեծերը մի ֆիլմում հավաքվել ու խոսում են մեկը մյուսի մասին գորովով, հիացմունքով, քնշքությամբ… Դերասանները պատմում են, որ Մալյանն ամեն ինչ անում էր ասեք խաղալով՝ աշխատում էր խաղալով, ստեղծագործում խաղալով: «Արվեստում պետք է առավելագույնս անկեղծ լինել, առանց ավելորդ ճիգի ու ծամածռության խորհրդածել, դիտել ու ուրախանալ հանդիսատեսի հետ»,- ասում էր նա: Իսկ Մաթևոսյանի խոսքն ինքնին ստեղծում է այդ անկեղծությունը: Դրան զուգահեռ էլ Մանսուրյանի երաժշտությունը. կոմպոզիտորը հիշում է, որ անհրաժեշտ էր այդ ներդաշնակությունը լցնել երաժշտությամբ ու եթե պետք էր՝ լռությամբ: Լռությունն էլ պիտի խոսեր՝ մեղունները բզզային, գերանդիների, ոչխարների ոտնաձայնը լցնեին այդ աշխարհը:

Մաթևոսյանի խոսքն այնքան բազմածալ է, որ ցանկացած մարդ կարող է իրեն գտնել այդ տարածքում: Ու պաատահական չի, որ ամեն մարդ, ամեն ոք իրեն հարազատ է զգում, հենց իրե՛նն է համարում, խոսքի տիրույթին հավասար է զգում, այդ աշխարհի մասնիկն ու կրողն է դառնում: Դա կարող է լինել մի գյուղացի, գրող, դերասան, թե նախագահ: Մհեր Մկրտչյանը պատմել էր Մաթևոսյանին՝ ինչպես Ժակ Շիրակը ծիծաղից «կոտորվում է» ֆիլմի ցուցադրության ժամանակ՝ «հատկապես նա ուժեղ խրխնջաց այն ժամանակ, երբ հարցրին՝ Քենեդին ինչու մահացավ, է… Հայի բախտ ուներ՝ պատասխանեցին»:

1976-ին Սան Ռեմոյի 19-րդ միջազգային փառատոնում «Մենք ենք մեր սարերը» լավագույն ֆիլմ է ճանաչվում: Իտալական «Unita»-ն գրում է. «Մենք ենք, մեր սարերը» զարմացնում է իր բանաստեղծականությամբ ու խոսքի կենսական ուժով»: Մեծ գրողի առեղծվածն է, երբ  ընթերցողը կարդում է՝ նույնականանալով նրա բառ ու խոսքին: Սարոյանի գրականությունն է այդպիսին, Թումանյանինն ու Մաթևոսյանինը, թերևս այս երկուսինը դրա բացարձակ մարմնավորումն է:

Աշխարհից հեռու, մարդկությունից դուրս, երկրներից, լեզուներից, պետություններից, ժամանակներից՝ ամեն ինչից դուրս, սարերի մեջ, բիբլիական խաղաղության մեջ մի խումբ գառնարածներ են: Նրանք ներդաշնակ են իրենց բնությանը կամ հենց դրա մի մասնիկն են, միաձույլ այնքան, որ իրենց սարերի պես մի քիչ խոժոռ են, բայց գլուխները՝ բարձր, սրտները՝ բաց: Ոչխարներն առաջն արած այդ հովիվներն իջնում են սարերից: Նրանք պիտի դատվեն կամ արդարանան: Կոստան Զարյանն ասում է, որ կորուսյալ դրախտը երեխայի լույս աշխարհի ծնունդով, մորից զատվելու, կտրվելու պահն է: Մաթևոսյանի մոտ այս մայրն ամբողջանում է բնության մեջ: Տիեզերաստեղծ հեղինակը հայտ է թողնում մեզ՝ «Մենք ենք, մեր սարերը»: Ու ոչխարի հոտն առաջները՝ գառնարածները գնում են: Գնում են անմեղ մեղավորների պես, փոքր աշխարհից՝ մեծը, իրենց համար հայտնիից՝ դեպի անհայտը… Նոր աշխարհ էդպես են մտնելու:

 

Լիլիթ Հակոբյան, կինոգետ