«Կրեմատորի»՝ սարսափազդու անունով կենսահաստատ խումբը

Ըստ համառուսաստանյան հիթ-շքերթների՝ 2021-ի լավագույն ռոք ալբոմների թվում է մոսկովյան «Կրեմատորի» խմբի «Որսորդը»։ Ալբոմի տպավորիչ երգերից է «Արարատի ձյուները», որն, ըստ խմբի ղեկավար ու երգի հեղինակ Արմեն Գրիգորյանի՝ փոքրիկ զգացմունքային նվիրում է իր հերոսական արմատներին։ Երգով Գրիգորյանը դիմում է այն մարդկանց, ովքեր չեն հասկանում իրեն․

Եվ ոչ ոք չկա

Ով կհիշի

Թե ինչպես կենտրոնում տիեզերքի

Թղթե տնակը փլուզվեց

Ու ինչպես ինձ սպանեցին

Աստծո չքնաղ զավակները

Եվ թողեցին այնտեղ

Ուր ձյուներն են Արարատի։

Ստեղծագործությունում, որի տեսահոլովակը հրապարակվեց վերջերս, հնչում է Վիտալի Պողոսյանի դուդուկը։

«Կրեմատորիի» նախապատմությունը սկսվում է 1974 թվականից, երբ Արմեն Գրիգորյանը Ալեքսանդր Սևաստյանովի և Իգոր Շուլդինգերի հետ ստեղծեց «Չյոռնիե պյատնա» խումբը, որը հետագայում նոր անվանում ստացավ՝ «Ատմոսֆերնոե դավլենիե»: 1983 թվականին, արդեն «Կրեմատորի» «կենսուրախ» անվան ներքո,  Գրիգորյանը համակուրսեցու հետ ձայնագրեց իր առաջին ակուստիկ մագնիտոալբոմը (հաջորդ տարի լրանում է «Կրեմատորիի» 40-ամյակը)։ Այս և հաջորդ ընդհատակյա ալբոմների թողարկումից հետո էլ մեկնարկեց խմբի հաղթարշավը:

Խմբի հնչողությունը վերջնականապես ձևավորվեց 1984-ին, երբ նրանց հետ սկսեց նվագել ջութակահար Միխայիլ Ռոսսովսկին, և ջութակի ձայնը յուրահատուկ հմայք հաղորդեց երգերին։ «Կրեմատորիի» տարեգրությունում նշվում է․ «Երաժշտությունը, որը սկսեց նվագել խումբը, միայն մոտավորապես էր հիշեցնում այն ծանր երաժշտությունը, որ նախկինում կար երգացանկում։ Գրիգորյանը սկսեց մեծ քանակությամբ լիրիկական երգեր գրել, և դրանցում արդեն հայտնվում էին ռոքնռոլի համար ոչ ստանդարտ ​​մոտիվներ՝ բալլադներ, վալսեր և նույնիսկ ֆոլք, այդ թվում՝ հայկական»։ Ռոդիոն Շչեդրինը խմբի ոճը բնորոշեց որպես «վալս ռոք»։ Ռուս մտավորականությունն ու երաժշտասերները սիրեցին այդ երգերը: Բնակարանային համերգները Մոսկվայի տարբեր հատվածներում զգալիորեն ավելացրին հետաքրքրությունը խմբի նկատմամբ:   Ի դեպ, ելույթներից մեկի ժամանակ երաժիշտները հանդիսատեսին ներկայացան Եգոր Զայցևի մոդելավորած հագուստներով։ Հենց այդ շրջանում՝ 1985 թվականին  «Կրեմատորին» Սերգեյ Մելքոնյանի «Առլեքին» թատրոնի հետ հանդես եկավ Երևանում։ 1986-ին խումբը ակուստիկ, կամերային հնչողությունից անցավ ավելի կոշտի` էլեկտրականին: Նախնական շրջանում երաժշտական քննադատները փորձում էին «Ակվարիում» խմբի հետ նմանություններ գտնել, բայց շատ շուտով պարզ դարձավ, որ «Կրեմատորին» ռուսական ռոքի ամենաինքնատիպ խմբերից է, ո՛չ ռուսական, ո՛չ արևմտյան ռոքում ակնհայտ նախատիպեր չունի:

Ասվածը հատկապես վերաբերվում է խմբի ղեկավար Արմեն Գրիգորյանի տեքստերին, որոնք սյուրռեալիզմի ու աբսուրդիզմի մի յուրահատուկ, բազմաշերտ համաձուլվածք են: Խմբի երգերը, նաև նրա շուրջ հյուսված շատ պատմություններ լի են միֆերով, իրականի և վերացականի միջև սահմաններն անորոշ են, ոչ հստակ: Երգերում արծարծվում են հավերժական թեմաներ՝ սեր, երիտասարդություն, մահ և անդրշիրիմյան աշխարհ, դրանցում հղումներ կարելի է գտնել ամենատարբեր աղբյուրների՝ Աստվածաշնչից մինչև «Մատանիների տիրակալը», Շեքսպիրից մինչև էդգար Պո, Անդրեյ Պլատոնով և Կարլոս Կաստանեդա, Մոցարտից, Պրոկոֆևից մինչև «The Doors», և իհարկե՝ Նիցշե, Ֆրոյդ, Յունգ․․․ Չնայած թվացյալ հոռետեսությանը՝ «Կրեմատորիի» երգերի թախիծը լուսավոր է՝ թո՛ղ որ համեմված սև հումորով ու որոշ հեգնանքով, նաև՝ սենտիմենտալությամբ, իսկ խմբի երգ-այցեքարտում երաժիշտներն իրենց կոչում են «այս մոլորակի ամենաուրախ համույթ»։ Գրիգորյանի բանաստեղծական տեքստերը բազմիցս հրատարակվել են առանձին գրքերով ու բանաստեղծական ժողովածուներում (օրինակ` «Ռուսական ռոքի բանաստեղծները» հայտնի շարքով):

Վերակառուցման տարիներին խումբը դուրս եկավ ընդհատակից և գրավեց երկրի մեծ դահլիճները։ «Կրեմատորին» 1986-ին մոսկովյան ռոք խմբերի փառատոնին արժանացավ գլխավոր մրցանակին, իսկ 1988 թ․ «Կոմա» ալբոմը՝ «Ավրորա» ամսագրի 1-ին կարգի դիպլոմին: «Չնայած խմբի վախեցնող անվանմանը ու ալբոմի մահացու վերնագրին՝ իր ամբողջության մեջ սա զարմանալիորեն կենսահաստատուն երաժշտություն է», - գրում էր արձակագիր Ալեքսանդր Ժիտինսկին՝ ալբոմն անվանելով մահը ստեղծագործությամբ հաղթահարելու փորձ:

Խումբը ստուդիայում վերաձայնագրեց և վերագործիքավորեց իր լավագույն երգերը ու լեգենդար երաժշտական պրոդյուսեր Անդրեյ Տրոպիլլոյի նախաձեռնությամբ «Մելոդիա» համամիութենական ֆիրմայում թողարկեց «Ողջեր և մեռածներ» ալբոմը։ Շապիկի բարձրարվեստ ձևավորմամբ ևս ալբոմը մտավ ռուսական ռոքի պատմության մեջ։ Գրիգորյանի հեգնական-փիլիսոփայական երգերը «գրավում են անկեղծությամբ, մարդկայնությամբ», -գրեց «Սովետսկայա կուլտուրա» թերթը 1990 թվականին։

1991-ին թողարկվում է «Կրեմատորիի» առաջին կոնցեպտուալ ալբոմը՝ «Զոմբին», որում ահազդու կերպարների հերթագայումը միջնադարյան մի խրախճանք է հիշեցնում, միստիկական պատկերների և պատմությունների շարան։ Այսպես, խմբի երգերում նախկին իրական կերպարների փոխարեն հայտնվում են մտացածին, վերացական հերոսներ, իսկ խումբն աստիճանաբար դառնում է ռուսական ռոքի առաջատարներից մեկը։ Հաջորդ՝ «Կրկնակի ալբոմ» ձայնասկավառակը, (1993) թողարկվում է աննախադեպ՝ 100 000 օրինակով։ Այդուհանդերձ, «Կրեմատորին» չորդեգրեց կոմերցիոն ուղղվածություն, նախընտրեց կուլտային, ակումբներում միշտ փնտրված, ինտերնետի տիրույթներում միլիոնավոր դիտումներ գրանցող խմբի կարգավիճակը․ «ես ունեմ չափազանց անկախ, կարելի է ասել՝ հայկական, բնավորություն, ուզում եմ ամեն ինչ անել իմ հայեցողությամբ, այլ ոչ թե օտարի ցուցումով․․․» (Արմեն Գրիգորյան)։

1993 թվականին Գորբուշկայի (Մոսկվա) համերգային դահլիճում խմբի 10-ամյակի համերգից հետո Ռոսսովսկին մեկնում է Իսրայել, և նրան փոխարինում է Վյաչեսլավ Բուխարովը, որին խումբը հանդիպել էր «Տացու» (1994) ֆիլմի նկարահանման հրապարակում։ 1994-1997 թվականներին թողարկվեցին մեկ պատմությամբ միավորված երեք ալբոմներ, որոնք արժանացան քննադատների բարձր գնահատականին։ Վերաձայնագրվեց տարիներ առաջ գրված «2001 թվական» երգը, որի տեսահոլովակը ցուցադրվեց կենտրոնական հեռուստաալիքներով ու լայն ընդունելություն գտավ․

Ես բացում եմ դուռը, վրան գրված՝ «Մուտք չկա»,

Ծխախոտ վառելով՝ դուրս եմ գալիս պողոտա

Ու ծխի միջից նայում անցորդներին․․․

Կայունացած կազմով խումբը ինտենսիվ հյուրախաղեր է ունենում (1996 թվականին խումբը հանդես եկավ երևանյան «Գաուդեամուս» ռոք փառատոնում), կառուցում սեփական տունը՝ ստուդիայով և թանգարանով։ «Կրեմատորիի» ժողովրդականության և ճանաչման մեկ այլ ապացույց էր «Ռուսական ռոքի լեգենդները» շարքով խմբի լավագույն երգերի հավաքածուի թողարկումը։ Գրիգորյանը վաղուց արդեն ճանաչվել է ռուսական ռոքի «հայրերից» մեկը, գրվում են նրա ստեղծագործությունները վերլուծող գիտական աշխատանքներ, նրա երգերի տողերին կարելի է հանդիպել «Ժամանակակից մեջբերումների բառարանում» (հեղինակ՝ Կ․ Դուշենկո, Էկսմո, 2020)։ Մոսկովյան մամուլի գնահատմամբ՝ «Կրեմատորիի» շատ երգեր որոշակի սերնդի համար վերածվել են հիմների։

1990-2000-ական թթ. հիթային ալբոմները հաջորդում էին միմյանց: «Զոմբի», «Բելիե Ստոլբի», «2001 թվական», «Թույն», «Կատմանդու» և այլ երգերը կարելի էր լսել ամենուր, այդ թվում՝ «Եղբայր-2» և «Ուսանողներ» ֆիլմերում, իսկ Գրիգորյանը նկարահանվեց «Ինչպես գտնել իդեալը» ֆիլմում։ Ձայնագրվում են նաև գործեր՝ գրված Վալերի Բրյուսովի, Պաբլո Ներուդայի, Մարգարիտա Պուշկինայի բանաստեղծությունների հիման վրա։ 2000-ականներին Գրիգորյանը բացում է իր գեղանկարների մի քանի անհատական ​​ցուցահանդեսներ և հրատարակում նկարների կատալոգը։ «Կրեմատորին» «Ամստերդամ» ալբոմի համար արժանանում է Ձայնագրություններ արտադրողների համառուսական ասոցիացիայի «Ոսկե սկավառակ» մրցանակին։

2000-ականների երկրորդ կեսին՝ խմբի կազմի շեշտակի փոփոխությանը զուգահեռ, «ծանրանում» է նրա երաժշտությունը, շատանում են կիթառային նվագները, փոխարենը նվազում է ջութակի դերակատարումը։ Ստեղծագործական այս նոր փուլում Գրիգորյանի երգերը հաճախ հասարակական, նույնիսկ համամարդկային թեմաներով են՝ սոցիալական բողոք, սպառողական մշակույթ, օտարվածություն, թե՛ տեքստերից, թե՛ երաժշտությունից իսպառ կորել են գոթական շնչով մռայլ երանգները...

2016-ին «Կրեմատորին» արձանագրեց հերթական հաջողությունը՝ թողարկելով «Անտեսանելի մարդիկ» ալբոմը, որին հետևեց խմբի չորրորդ համաշխարհային շրջագայությունը: 2018-ին խումբը ելույթ ունեցավ «Ուլետայ» ռոք փառատոնում՝ որպես հեդլայներներից (առաջատարներից) մեկը։ Մեկ տարի անց լույս տեսավ Գրիգորյանի «Կրեմատորիի ուրվականները» գիրքը, որը խմբի առաջին հեղինակազորված պատմագրությունն է:

Այսօր էլ, ինչպես խմբի ձևավորման տարիներին, երաժիշտները հաճախ բեմ են դուրս գալիս Եգոր Զայցևի հագուստներով, նրանց համերգներն ուղեկցվում են «Միկոս» թատրոնի շոուներով։ Խմբում նվագում են փորձառու երաժիշտներ․ ջութակահար Մաքսիմ Գուսելշչիկովն իրեն դրսևորում է ամենատարբեր ժանրերում, բաս-կիթառահար Նիկոլայ Կորշունովը զուգահեռաբար հանդես է գալիս «Butterfly Temple» և «Արտերիա» մեթալ խմբերում, մասնակցում «Iron Maiden»-ի նախկին վոկալիստների շրջագայություններին, իսկ կիթառահար Վլադիմիր Կուլիկովը և հարվածող Անդրեյ Երմոլան ստեղծել են իրենց սոլո-նախագիծը՝ «Aerojam»-ը։

«Որսորդ» ալբոմը խմբի հերթական նորարարական փորձն է․ այստեղ ջութակ ընդհանրապես չի հնչում, զգալիորեն այլ է երգերի տրամադրությունը։ Շապիկին՝ Արարատի հովանու ներքո այն կերպարներն են ու միջավայրը, որոնց մասին երգվում է ալբոմում։

Գրիգորյանի բազմաթիվ երգերում կարելի է հայկական տարրեր գտնել. օրինակ` «Ադոլֆ» երգի դիպաշարը «քաղաքամայր Կարսում» է ընթանում, «Լուսնոտում» հայկական դուդուկ է հնչում, իսկ «Սեբաստիան» պատմում է հայոց ցեղասպանության մասին։ «Տձև Էլզա» երգում Գրիգորյանը կոդավորել է հայկական քոչարին։ Երգում պատմվում է մի դեպք, որը տեղի է ունեցել գրող Վենեդիկտ Երոֆեևի հետ Գրիգորյանի ծանոթության ժամանակ։

Իր հարցազրույցներում էլ Արմեն Գրիգորյանը հաճախ անդրադառնում է Հայաստանին ու հայոց պատմությանը։ Այսպես, բացատրելով, թե պատմական տեսանկյունից որքան սնանկ են հարևանների տարածքային պահանջները, նա նշում է․ «Փոքրիկ Հայաստանը վերապրեց մեծ ջանքերի, մեծ արյան շնորհիվ։ Առհասարակ, ինչպե՞ս մենք դիմակայեցինք այսպիսի ենիչերիներին, որոնք ամեն կողմից խցկվում էին․․․» Գրիգորյանն իրեն կատակով անվանում է «մոսկովյան շշալցման հայ», օրինակ բերելով Մոսկվայում ծնված հորը՝ արաբագետ և ավիակոնստրուկտոր Սերգեյ Գրիգորյանին, որը քառասուն տարեկանում՝ անսալով արմատների կանչին, սկսեց հայերեն սովորել, տիրապետեց մաշտոցյան այբուբենին և ընթերցեց հայ դասականներին, կյանքի վերջին տարիներն էլ անցկացրեց Երևանում։ 

«Ինձ տատիկներս են դաստիարակել ու հայոց լեզուն ես գիտեմ: Երբ այլ երկրներում եմ լինում, որտեղ հայ համայնք կա, ինձ համար ավելի հեշտ է հայերեն շփվել, քան անգլերեն»,- ասում է Գրիգորյանը: Մանկության տարիներին Արմենը արձակուրդներն անցկացրել է տատիկի մոտ՝ Գորիսում, որտեղ էլ հայերեն շփվելու հնարավորություն է ունեցել։ Պատմում է, որ մի անգամ իրեն դրա փոխարեն ուղարկել են պիոներական ճամբար, բայց նա այնտեղից փախել է ու խնդրել իրեն կրկին Գորիս ուղարկել։

Արմեն Գրիգորյանի խոսքերով՝ 44-օրյա պատերազմի՝ «գիտակցությունը և զգացմունքները պայթեցնող ղարաբաղյան աղետի» հետևանքով «չարը հաղթեց բարուն», իսկ ինքը սկսեց կորցնել հավատն առ մարդկություն։ Երկար ժամանակ նա չէր կարողանում իրեն ստիպել մամուլին հարցազրույց տալ։

Մոսկվայում ծնված Գրիգորյանը խոստովանում է, որ շուրջերկրյա ճանապարհորդություն էր իրականացրել՝ փնտրելով այնպիսի մի տեղ, որ իրեն սրտամոտ կլիներ՝ Բարսելոնա, Կալիֆոռնիա և այլն, բայց արդյունքում վճռեց իր համար տուն կառուցել Հայաստանում, որպեսզի կարողանա երկար նայել Արարատին ու խորապես զգալ բիբլիական լեռան խորհուրդը․․․

 

Աշոտ Գրիգորյան

Լուսանկարը՝ հեղինակի