«Կոմիտաս՝ երաժիշտ և բանաստեղծ» համերգաշարի ոգեղեն ընթացքը

«Կոմիտաս՝ երաժիշտ և բանաստեղծ» համերգային նախագիծը մտահղացել է երգիչ, կոմպոզիտոր Վահան Արծրունին, Կոմիտաս Վարդապետի 155-ամյակին ընդառաջ։ Նախագիծը խորհրդանշական է ոչ միայն նրանով, որ համերգաշարի շրջանակում հանդես են գալիս տարբեր սերունդների լավագույն երաժիշտները՝ ազատ ստեղծագործական դաշտի ներկայացուցիչներ և պետական ստեղծագործական միավորներ, այլ նաև Սփյուռքում գործող երաժիշտներ: Վահան Արծրունին հետևողական է կոմիտասյան բանաստեղծությունը հանրահռչակելու և շատերի համար՝ բացահայտելու գործում:
Դեռևս 2002 թ. «Նարեկացի արվեստի միության» հետ Միացյալ Նահանգներում հրատարակեց «Կոմիտաս. Տասը Հայտնություն» երգաշարը՝ գրված Կոմիտասի տասը բանաստեղծությունների հիման վրա: Ալբոմը երեք վերահրատարակում է ունեցել, 2003-ին ճանաչվել է «Լավագույն ալբոմ» Համահայկական երաժշտական մրցանակաբաշխության կողմից, իսկ 2004-ին Ամերիկյան Հայկական երաժշտական մրցանակաբաշխությունում լավագույնն է ճանաչվել երկու անվանակարգերում: Հաջորդիվ 2004 թ. Արծրունին նախաձեռնեց «Կոմիտաս, Փշուր մը» Վարդապետի բանաստեղծությունների ամբողջական ժողովածուի հրատարակումը (խմբագիր Այդին Մորիկյան): 2002-ից ի վեր Վահան Արծրունու երգաշարը բազում անգամներ ներկայացվել է հանդիսատեսին՝ Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի, Հայաստանի Օպերային թատրոնի նվագախմբի, Հայաստանի սիմֆոնիկ նվագախմբի, Հայաստանի կամերային նվագախմբի, բազմաթիվ լարային քառյակների և «Շողակաթ» մանկական երգչախմբի (խմբավար Կարինե Եզեկյան) մասնակցությամբ:
«Կոմիտաս երաժիշտ և բանաստեղ» նախագիծը շարունակական բնույթ է կրում՝ նպատակ ունենալով համերգաշարի տարբեր համերգային ծրագրերի միջոցով ներկայացնել կոմիտասյան երաժշտական ժառանգության բոլոր դրսևորումները, ինչպես նաև Վարդապետի պոեզիան` համազոր կերպով։
Ինչպես նկատում է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, անվանի կոմպոզիտոր Կոնստանտին Պետրոսյանը Նյու Յորքի «Պայքար» շաբաթաթերթի իր հոդվածում («Պայքար», հոկտեմբեր 6, 2024, թիվ 38(393))` «Նախագիծն իր տեսակով և գեղագիտությամբ բացառիկ է, քանի որ ներառում է Կոմիտասի բնագրային վոկալ, վոկալ-գործիքային, դաշնամուրային և երգչախմբային ստեղծագործությունները, ինչպես նաև նրա երաժշտական ժառանգության բազմաբնույթ մեկնությունները։ Իսկ Կոմիտասի քնարերգությունը ներկայացված է Վահան Արծրունու «Կոմիտաս. Տասը Հայտնություն» երգաշարով» (Կոնստանտին Պետրոսյան «Վահան Արծրունու համերգը, նուիրուած Կոմիտաս Վարդապետի 155-ամեակին») :
Մեր պատկերացումները Կոմիտասի մասին հաճախ չեն համապատասխանում իրականությանը կամ ամբողջական չեն: Կոմիտաս կոմպոզիտորի մասին խոսելիս պետք է հստակեցնել, որ նրա կոմպոզիտորական հիմնական գործառույթը եղել է բանահավաքի և մշակողի: Կոմիտասը ներդաշնակել է ձայնի և դաշնամուրի համար ընդամենը 53 հայերեն երգ, գրի է առել հազարավոր գեղջկական երգերի նմուշներ, որոնցից մեզ հասել են միայն մի փոքր մասը՝ մոտավորապես 1000 նմուշ: Նաև ունի պարեղանակների մշակումներ դաշնամուրի համար: Խմբերգային արվեստի ոլորտում նա կատարել է մշակումներ՝ բազմաձայնելով գեղջկական և հոգևոր մոնոդիկ երգերը, այնինչ ստեղծագործական ոլորտում՝ այսինքն որպես երաժշտության հորինող, կոմիտասյան ժառանգությունը բավական փոքրաթիվ է: Զարմանալի է, բայց հորինող ստեղծագործողի ձիրքը Կոմիտասը դրսևորել է ոչ թե երաժշտության, այլ գրականության ոլորտում՝ գրելով սքանչելի բանաստեղծություններ, որոնց մեջ գերիշխում են քնարական, խոհափիլիսոփայական թեմաները, մարդու և բնության փոխհարաբերության այլաբանական պատկերներ:
Վահան Արծրունին անդրադարձել է տասը բանաստեղծություններին՝ ստեղծելով ամբողջական կամերային վոկալ-գործիքային շարք՝ գրված երկու ձայնի, փողայինների, կամերային լարային նվագախմբի և երգչախմբի համար: Ինչպես նշում է հայ ականավոր երաժշտագետ, խմբավար, կոմպոզիտոր, հասարակական գործիչ, մանկավարժ, Երևանի պետական կոնսերվատորիայի պատվավոր պրոֆեսոր Գրիգոր Փիտէճեանը կանադական «Հորիզոն» շաբաթաթերթի (vol 25/No.12(1259) 2003 թ. օգոստոսի 18-ի համարում զետեղված իր ծավալուն հոդվածում. «Արծրունիի բացառիկ երաժշտական տաղանդին շնորհիւ այս տասը բանաստեղծութիւնները, յայտնութիւնները կը ներկայանան մեզի խոհուն, շողշողուն, աշխոյժ, քնարական, խորհրադաւոր, յուզական, գունագեղ, կրօնաշունչ, եթերային եւ թափանցիկ երաժշտութեամբ մը: Տասը յայտնութիւնները մեզի կը ներկայանան երգաշարային մեծ ծիրի մը մէջ առնուած փոքրալար համակարգի պատրանքով մը: Արտաքուստ փոքրալար թուացող հնչակարգերը միայն մէկ մասը՝ արտաքին մասը կը կազմեն, որով երաժիշտը կը կարողանայ ի գործ դնել անոնց ետին թաքնուած հայկական ձայնաշարերը: Երեւոյթ մը, զոր կը տեսնենք Կոմիտաս վարդապետի մոտ: Երեւոյթ մը, որով Արծրունին կարողացած է Կոմիտասեան «լոյս ու ոգի» դնել իր գործերու մէջ» (Գրիգոր Փիտէճեան, «Վահան Արծրունիի «Կոմիտաս.Տասը յայտնութիւն խտասալիկի հրապարակման առիթով»»):
«Կոմիտաս՝ երաժիշտ և բանաստեղծ» նախագիծը մեկնարկեց 2023 թ. ապրիլի 20-ին, «Արդեան» արվեստի կենտրոնում, որին մասնակցում էին ՀՀ վաստակավոր արտիստ, Երևանի պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, երգչուհի Աննա Մայիլյանը, որը ներկայացրեց Կոմիտասի գեղջկական և հոգևոր բնագրային «չլսված» երգերը: Ինչպես նաև երգչուհին մասնակցում էր Արծրունու երգաշարի կատարմանը: Աննա Մայիլյանի հետ Արծրունու համագործակցությունը տասնյակ տարիների պատմություն ունի: Մայիլյանն առաջինն է կատարել Արծրունու կոմիտասյան շարքի կանացի պարտիաները: Համերգին իր մասնակցությունը բերեց նաև տաղանդաշատ և բազմաժանր ֆլեյտահարուհի Նելլի Մանուկյանը։
2024-ի փետրվարի 16-ին դարձյալ «Արդեան» արվեստի կենտրոնում երկրորդ համերգն էր՝ մասնակցությամբ «Երևան» լարային քառյակի, որի կատարմամբ հնչեցին կոմիտասյան եղանակների՝ Սերգեյ Ասլամազյանի հանրահայտ մշակումները լարային քառյակի համար։ Արծրունու երգաշարի կատարմանը մասնակցում էր Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի մենակատար և ֆլեյտահարների կոնցերտմայստեր, վիրտուոզ ֆլեյտահար Նարեկ Ավագյանը։
Նախագծի երրորդ համերգը սույն թվականի մարտի 14-ին «ՀԲԸՄ-Հայաստան» համերգասրահում էր: Համերգին մասնակցում էին «KV ART ENSEMBLE»-ը հետևյալ կազմով՝ Նարեկ Ավագյան-ֆլեյտա, Նարեկ Սահակյան-1-ին ջութակ, Իվետա Կոռկինա-2-րդ ջութակ, Հայկ Տեր-Հովհաննիսյան-ալտ, Վահե Դանիելյան- թավջութակ, Եվա Գևորգյան-կոնտրաբաս: Անսամբլը Հայաստանում համբավ է ձեռք բերել հատկապես Բարոկկո և Վերածննդի շրջանի երաժշտության կատարումներով։ Անսամբլի նվագակցությամբ կատարվեց Վահան Արծրունու «Կոմիտաս. Տասը Հայտնություն» երգաշարը, ինչպես նաև Աննա Մայիլյանի կատարմամբ հնչեցին կոմիտասյան «չլսված» հոգևոր և աշխարհիկ մեներգերը։
Հաջորդ՝ չորրորդ համերգը հուլիսի 2-ին էր: Բացառիկ ելույթով հանդես եկավ «Նարեկյան զանգակներ» (Narek Bell Choir) համույթը Միացյալ Նահանգներից, որի հիմնադիրն ու ղեկավարը Էվանսթոնի Սուրբ Հակոբ հայկական եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Հովհան քահանա Խոջա-Էյնաթյանն է: Համույթի կատարմամբ հնչեցին Տեր Հովհանի զանգակների համույթի համար արված կոմիտասյան հոգևոր և աշխարհիկ երաժշտության մշակումները: «Նարեկյան զանգակներ» համույթի եթերային պոլիֆոնյան հիացրեց և գերեց Առնո Բաբաջանյան համերգասրահում ներկա հանդիսատեսին։ Առավել հետաքրքրական էր նրանց մասնակցությունը Արծրունու երգաշարի որոշ երգերի կատարմանը: Առաջին անգամ «Կոմիտաս. Տասը հայտնության» երգերը տեմբրային նոր երանգ ստացան զանգակների նվագախմբի հնչյուններով: Համերգին մասնակցում էին Աննա Մայիլյանը, ֆլեյտահարուհի Նելլի Մանուկյանը և «KV ART ENSEMBLE»-ը։ Նաև համերգասրահի ցուցասրահում ներկայացվեց Վալենտին Պոդպոմոգովի հանրահայտ «Կոմիտաս» գեղանկարը, ինչը նույնպես խորհրդանշական էր, քանի որ այս տարի նշվում է նկարչի 100-ամյակը: Կատարումների ընթացքում ներկայացված ծավալային վիդեոինստալյացիայի հիմքում նույնպես այս գեղանկարն էր, որը խորհրդավոր և մոգական մթնոլորտ էր ստեղծում դահլիճում: Ասես համերգին ներկա էր ինքը՝ Կոմիտասը:
«Կոմիտաս երաժիշտ և բանաստեղ» նախագծի 5-րդ համերգը տեղի ունեցավ սեպտեմբերի 16-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը։ Այս անգամ համերգին մասնակցում էին «Երևանի պետական կամերային երգչախումը», խմբավար Քրիստինա Ոսկանյանի ղեկավարությամբ և «KV ART ENSEMBLE»-ը, որը ներկայացրեց Արծրունու երգաշարը։ Երգչախումբը, շարունակելով թոփիկյանական ավանդույթը, հանդիսատեսին գերեց կոմիտասյան աշխարհիկ խմբերգերի իր բյուրեղային կատարումներով: Հանդիսատեսի համար հերթական անակնկալը համերգի ավարտին երգչախմբի կողմից Վահան Արծրունու երգաշարի «Իբր զարդ» չնաշխարհիկ ստեղծագործության կատարումն էր՝ երգչուհի Նելլի Քալաշյանի անզուգական մեներգով:
Հաջորդ՝ «Երկու եռյակ» խորագրով համերգային ծրագիրը դարձյալ «Արդեան» ցուցասրահում էր: Համերգին հնչեցին գեղջկական երգերի եռաձայն կոմիտասյան մշակումները՝ «Աննա Մայիլյան վոկալ տրիո»-ի (Աննա Մայիլյան, Լուիզա Երեմյան, Անահիտ Գաբրիելյան) կատարմամբ: Այս համերգի առանձնահատկությունը Վահան Արծրունու նորաստեղծ եռյակն էր՝ մասնակցությամբ ֆլեյտահարներ Նելլի Մանուկյանի և Նարեկ Ավագյանի: Առաջին անգամ երգիչ-կոմպոզիտորի «Կոմիտաս. Տասը Հայտնություն» երգաշարը ներկայացվեց երկու վիրտուոզ ֆլեյտահարների մենանվագներով և դուետներով։ Այս ձևաչափն աննախադեպ հաջողություն ունեցավ և սիրվեց հանդիսատեսի կողմից։ Համերգները տեղի ունեցան սեպտեմբերի 26-ին և բազմաթիվ հանդիսատեսի խնդրանքով՝ հոկտեմբերի 2-ին՝ «Արդեան»-ում։
Այսպիսով, Վահան Արծրունու երաժշտության հավատարիմ սիրահարները նախագծի յոթ համերգների ընթացքում իրենց համար բացահայտեցին «Կոմիտաս. Տասը հայտնություն» երգաշարը նոր հնչյունային երանգներով և տարբեր երաժշտական կազմերի բացառիկ մեկնաբանություններով:
«Կոմիտաս երաժիշտ և բանաստեղ» նախագծի բոլոր մասնակիցների կատարողական արվեստի բարձր մակարդակը և երաժիշտների՝ Կոմիտասի հանդեպ տածած անսահման ակնածանքն ու նրա ստեղծագործական մեծության առջև խոնարհումը ստեղծում են անկրկնելի գեղագիտական մթնոլորտ և ոգեղեն կոմիտասյան տարածաչափություն, ուր իշխում է Վարդապետի անզուգական պոեզիան և երաժշտությունը։ Պատահական չէ, որ բոլոր համերգասրահները լեփ-լեցուն էին, իսկ հանդիսատեսի ոգևորությունն ու հետաքրքրությունն՝ անսպառ:
Նախագծի 8-րդ համերգը նախատեսվում է Առնո Բաբաջանյան համերգասրահում, ազգային նվագարանների կատարող, վարպետ Նորայր Քարտաշյանի «Մենուա» ֆոլկլորային անսամբլի և «KV ART ENSEMBLE»-ի մասնակցությամբ՝ նոյեմբիրի 17-ին: Իսկ տարեվերջին Արծրունին կեզրափակի հոբելյանական իր նախագիծը. սպասվում է գալա-համերգ՝ անցած բոլոր համերգների երաժիշտների մասնակցությամբ:
Ամփոփելով հոդվածը՝ դարձյալ մեջեբերենք հատված պրոֆեսոր Գրիգոր Փիտէճեանի խոսքից. «Շնորհիւ իր ընտրած երաժշտական լեզուին ու ոճին, ստեղծագործական տաղանդին եւ կատարողական բարձր մակարդակին, իր երաժշտութիւնը՝ Արծրունիական-հայ երաժշտութիւնը, անդրանցնելով ազգային սահմանները գրաւած է նաև օտար ժողովուրդներու հետաքրքրութիւնները, այդու իսկ դարձնելով հայ երաժշտութիւնը անդամը համաշխարհային երաժշտական մշակոյթի մեծ ընտանիքին»:
Անուշ Ասլիբեկյան
Արվեստագիտության թեկնածու