«Հողոտ ձեռքերը ամենամաքուր ձեռքերն են...»

Ամառային օր էր, բայց Լոռի բերդում ոտքերիս տակ զգում էի խաշամը, ռունգերիս հասնում էր դրա հոտը, որն արդեն աշնան մասին էր: Լոռվա մի փոքրիկ անկյունում, իրենց տան ուռենու մոտ ինձ դիմավորեց տիկին Սիլվան: Մեքենան նոր էր մոտեցել դարպասին, բայց երևում էր, որ նա շատ ավելի վաղ էր այդտեղ կանգնած: Սպասում էր. «Արի´, արի´, իմ Սոսոյի մասին ի՞նչ ես ուզում`քեզ պատմեմ»: Իսկ Սոսոն Սոս Սարգսյանն է, տիկին Սիլվան էլ` նրա մորաքրոջ դուստրը: Միասին մտնում ենք գյուղական փոքրիկ տան բակ, որտեղ Սիլվա Մարտիրոսյանն իր եղբոր համար հուշատան նման մի անկյուն է սարքել, ասում է`դրանով փոքր-ինչ փարատում է Սոսի բացակայությունը: Քայլում ենք արդեն դեղնած խոտի վրայով, ու տիկին Սիլվան հիշում է. «Ամեն անգամ, երբ գալիս էր մեր տուն, Սոսը ոտաբոբիկ քայլում էր այս խոտերի վրա, ասում էր` ինչպե՞ս կարելի է չվայելել այս բնությունը, բոբիկ ոտքերդ դիր խոտին, տե´ս, առավոտվա ցողը դեռ վրան է, էնպե՜ս կբուժվես...»:

Հետո մոտենում ենք բակի եզրին, որտեղից քչքչալով գետի ձայնն է գալիս, ու տիկին Սիլվան պատմում է. «Հենց գալիս էր մեր գյուղ, անպայման ուզում էր Ձորագետի կարմրախայտից փորձել: Մեր գյուղի Գևորգը կարմրախայտ էր բռնում, գնում էր մոտը, հարցնում էր. «Ունե՞ս էն ձկներից», ասում էր` հա: Սոսն ասում էր. «Դե հենց դու էլ քո ձեռքով քո բռնած ձուկը մաքրի´ր, տո´ւր ինձ, ամեն մարդ ինքը պետք է մաքրի իր բռնած ձուկը»:

Արտիստի քույրը պատմում է, որ Սոս Սարգսյանի ամենասիրելի ուտեստներից մեկը խավիծն էր. «Երիտասարդ տարիքում էլ, երբ մայրս ողջ էր, գալիս էր մեր տուն, խնդրում էր, որ խավիծ սարքենք, մայրս էլ հատուկ բաղադրիչ ուներ, որ ավելացնում էր խավիծին` միայն Սոսի համար` ընկույզն էր: Մի բան էլ կար, որ Սոսը շատ էր սիրում` չեչիլ պանիրը: Ասում էր`մի հաց լինի՝ չեչիլով, էլ բան չեմ ուզում»:

Տիկին Սիլվան հիշում է, որ Սոս Սարգսյանի գալուստը Լոռի Բերդ հարսանիքի պես մի բան էր գյուղացիների համար: Ասում է`գյուղի անասնապահները գալիս, դարպասի հակառակ կողմում կանգնում էին, հաճախ նաև`մինչև մութն ընկնելն այնքան էին սպասում, մինչև Սոսը դուրս գար, տեսնեին. «Սոսն ասում էր`որ գյուղացիք գալիս են, անպայման ներս կանչիր, թող էդպես դրսում շարված չմնան»:

Օրերից մի օր էլ, երբ հերթական անգամ Սոս Սարգսյանը գալիս է Լոռի Բերդ`քրոջ տուն, հողի հետ աշխատող համագյուղացի տարեց մի կին իմանում է այդ մասին և ուզում է անպայման տեսնել արտիստին. «Այս կնոջ ձեռքերը հողոտ էին, քսեց գոգնոցին, մաքրեց, նոր առաջ եկավ, որ Սոսին բարևի: Սոսը տեսավ դա, ընդառաջ գնաց, առաջինն ինքը բարևեց, այդ կնոջ հողոտ ձեռքերը մոտեցրեց շուրթերին, համբուրեց ու ասաց. «Սրանք ամենամաքուր ձեռքերն են, ինչո՞ւ ես մաքրում...Մենք այդ հողի տվածն ենք ուտում...»:

Այսպես, տարբեր պատմություններ է հիշում տիկին Սիլվան, ու, կարծես, չի ուզում ինձ ճանապարհել, ասում է`շատ եմ ուզում, որ Սոսն իր թանգարանն ունենա, թեկուզ իր մասին պատմող փոքրիկ մի անկյուն: Նա ցույց է տալիս եղբոր`խնամքով պահած իրերը, լուսանկարները, ասում է`այստեղ ամեն ծառի վրա Սոսի մատնահետքը կա...Հետո գալիս է իմ մեքենան, նստում եմ ու հայելու մեջից տեսնում եմ տիկին Սիլվայի ձեռքը. հրաժեշտ է տալիս, օդում պահում է այնքան, մինչև անհետանում ենք իր տեսադաշտից:

 

Աննա Բաբաջանյան