«Գիշերային շուկա»՝ Իչիրո Ցուբակիի փայտափորագրությունը գլխավոր մրցանակակիր

Երևանում, «Ազնավուր» կենտրոնում «Գեղարվեստական տպագրության երևանյան չորրորդ միջազգային բիենալեի ցուցադրած ավելի քան երեք հարյուր աշխատանքների թվում, ցուցասրահի երկու հարկերում և հանդիսությունների սրահի կենտրոնում կառուցված ապակե լաբիրինթոսում ինքնատիպ և հետաքրքիր աշխատանքների շարքում կարելի է գտնել միջազգային ժյուրիի որոշմամբ գլխավոր մրցանակների արժանացած՝ տարբեր երկրներում ապրող և գեղարվեստական տպագրության ամենատարբեր տեխնիկաներով ստեղծագործող հինգ արվեստագետների աշխատանքները։ Ցուցադրության համակարգող Լուսինե Բաղդասարյանի հետ շրջեցինք էքսպոզիցիայով՝ փորձելով հասկանալ ժյուրիի ընտրած ստեղծագործությունների առնձնահատկությունները։

Սկսեցինք ապակե լաբիրինթոսից, որի հենց կենտրոնում հանդիսատեսին է սպասում Բիենալեի գլխավոր մրցանակակիր՝ ճապոնացի արտիստ Իչիրո Ցուբակիի «Գիշերային շուկա» (2022) փայտափորագրությունը (կսիլոգրաֆիա)։

Դեռևս էքսպոզիցիայի ստեղծման ժամանակ Լուսինեն կանխագուշակել էր հենց այս աշխատանքի հաղթանակը մրցույթում, թեև ինքն էլ չէր հավատացել իր կանխատեսմանը։ Այդ թերահավատությունը միանգամայն հասկանալի է․ Ցուբակիի ստեղծագործությունը  շատ արտասովոր է ոչ միայն ընտրված թեմայով և այն արծարծելու ստեղծագործական մեթոդով, այլև կատարման եղանակով:

«Գիշերային շուկան» Ցուբակիի «Ժամանակը սպառվում է» («TIME DROPS») շարքի մի դրվագն է, որում արվեստագետը փորձում է որսալ լքված տարածության հետզհետե հեռացող ոգին։ «Ոչինչ հավերժ չէ։ Եվ ուրեմն շենքն էլ, ինչպես մարդիկ, կարող է մի օր անպիտան դառնալ։ Իրերի մահանալը նման է վախճանվող գեղեցկությանը, հետևաբար՝ չի կարող թախծալի լինել։ Գեղեցիկ է մահացությունը, թե տգեղ՝ կախված է մեր ընտրած դիտանկյունից միայն։ Կեղևաթափ եղած ծառը խոստանում է նոր գեղեցկություն»․․․ - գրում է արտիստն իր հղացքում։

Խորհրդանշական իր աշխատանքում Իչիրոն փորձում է ցույց տալ համավարակից հետո լքված և ամայացած՝ երբեմնի կենսունակ շուկան։ Սակայն նկարում դիտողը չի գտնի ո՛չ քաղաքային բնապատկերներ, ո՛չ էլ շուկայական կյանքի որևէ դրվագ՝ ճապոնական ավանդական փորագրաարվեստում այդքան տարածված ժանրեր։ Փոխարենը խավարի մեջ լքված շուկան ներկայանում է որպես ուղիղ շարքերով դասավորված գույնզգույն հիերոգլիֆների կոմպոզիցիա։ Դրանցից ոմանք դեռ չեն կորցրել իրենց ամբողջականությունը, որոշները գրեթե պոկվել են թղթից, որոշներն էլ ընդհանրապես բացակայում են՝ մերկացնելով թղթի ստորին մուգ կամ բաց շերտը։ Ավելորդ պաճուճանքից և պարզունակ «սիրունությունից» զերծ այս աշխատանքում ակնհայտ չեն ո՛չ տեխնիկական բարդությունները, ո՛չ էլ կոնցեպտուալ խորությունը, սակայն նկարն առաջին հերթին մտածելու, խորհելու և զգալու հրավեր է հանդիսատեսին։

Նման բազմաշերտ աշխատանքն իսկապես անսովոր է գրաֆիկական տպագրության ժանրում, ուր պատկերն ավանդաբար ստեղծվում է հարթության վրա։ Փորագրանկարիչը ջանում է հնազանդեցնել կարծր նյութը՝ փխրուն թղթին կատարյալ մի պատկեր հաղորդելու համար։ Իչիրոն, սակայն, «փորագրությունը» շարունակում է նաև թղթին՝ որոշակի առումով վնասելով պատկերը, ինչպես ժամանակն է անդառնալի վնաս հասցնում իրերին, վայրերին ու մարդկանց։ Մյուս կողմից, առաջին պլան բերված գունաշատ կոմպոզիցիան խորհրդանշում է շուկայի անցյալը՝ տեսիլային, երևակայական կյանքը, մինչդեռ կտրվածքներից դուրս նայող սևությունը՝ տխուր  ներկան է։ Ցուբակին երևան է հանում անտեսանելին՝ ոչ այնքան փորձելով դիտողին լավատեսություն հաղորդել, որքան կոչ անելով հրաժարվել (ըստ արվեստագետի) մարդկանց բնորոշ մակերեսային հայացքից և ջանալ տեսնել իրերի, վայրերի և մարդկանց խորքային շերտերը։

Գլխավոր մրցանակից բացի հեղինակավոր ժյուրին առանձնացրել էր առաջին, երկրորդ և երրորդ մրցանակները նվաճած ստեղծագործությունները։

Ապակե լաբիրինթոսի հենց սկզբում կարելի է գտնել առաջին մրցանակին արժանացած  լեհ արվեստագետ Ագնեշկա Լեխ-Բինչիցկայի «Օննա II» (2022) խորատիպը։ Ագնեշկան հայտնի է իր մեծամասշտաբ սև-սպիտակ աշխատանքներով, որոնցով ուսումնասիրում է կնոջ առօրյան ու հենց կանացիությունը։ Ագնեշկայի հերոսուհիները ներկայանում են անորոշ տարածության մեջ՝ կենցաղային զանազան իրերով շրջապատված, բայց միայնակ՝ իրենց փխրունությամբ և խոցելիությամբ։ «Օննա II»-ը տարբերվում է արվեստագետի այլ աշխատանքներից մոնումենտալ ֆիգուրի և մանրազնին նախշերի նուրբ կոնտրաստով։ Այստեղ նաև ժամանակների բախում կա, որը, սակայն, առաջին հայացքից չի խախտում աշխատանքի ներդաշնակությունը։ Պատկերված կինը (ճապոներեն «օննա» նշանակում է՝ «կին») մի կողմից կրում է ավանդական զգեստը՝ կիմոնոն, որն այնքան էլ առօրեական չէ մեր կենցաղում, մյուս կողմից միանգամայն բնական է․ կտորեղենի ծանր շերտերի տակ խոնարհված՝ ձեռքի ճարպիկ շարժումով նա փորձում է հավաքել մազերը։

Երկրորդ մրցանակը կիսած մեքսիկացի արվեստագետ Վիկտոր Մանուել Էրնանդես Կաստիլյոյի «Պարոն Հայդ» (2021) և լեհ փորագրանկարիչ Պավել Դելեկտայի «Շախմատ IV» (2022) մասշտաբային ստեղծագործությունները կողք-կողքի տեղ են գտել երկրորդ հարկում։ Երկու աշխատանքն էլ առանձնահատուկ կերպով ընդգծում են սևի և սպիտակի հակադրությունը, անգամ՝ հակամարտությունը։

Կաստիլյոն լինոփորագրության վարպետ է։ Սյուրռեալիզմի ոճում ստեղծված իր դրամատիկ և սարսափազդու պատկերներում հանդիսատեսը բախվում է գերբնական արարածների, հրեշների, կամ տարատեսակ այլակերպումների ու խեղումների ենթարկվող մարդանման կերպարների, որոնք երևան են հանում մարդու ենթագիտակցության անկյուններում թաքնված վախերն ու վաղուց լռեցված ագրեսիան։ Վարպետորեն օգտագործելով լինոփորագրությանը բնորոշ սուր կոնտրաստը՝ Կաստիլյոն ստեղծում է հրեշ Հայդի՝ տագնապով և սարսափով լի դինամիկ պատկերը․ սեփ-սև ու ճեփ-ճերմակ հաստ ու բարակ բազմաթիվ գծերի փոթորիկն իսկապես շարժման պատրանք է ստեղծում։

Այս աշխատանքին մոտենալով՝ Լուսինեն խոստովանեց, որ սա իր ամենասիրելի գործերից մեկն է, քանի որ տեխնիկական ակնառու կատարելությունն այստեղ չի «խեղդում» արտիստի ստեղծարարությունը։

Միջազգային մի քանի ցուցահանդեսներում տարբեր մրցանակների արժանացած Պավել Դելեկտայի «Շախմատը» ստեղծված է հեղինակային յուրահատուկ տեխնիկայով (որի մանրամասները չեն բացահայտվում) և տպված է մետաղյա թիթեղից։ Նկարի մեծ մասը զբաղեցնում է բազմաթիվ տարավեկտոր խազերից կազմված «պատկերային աղմուկը», որը և՛ նկարի ֆոնն է, և՛ գլխավոր հերոսը, և՛ պատկերի մյուս էլեմենտները կլանող միջավայրը, և՛ պասիվ ու անշարժ այդ էլեմենտներին հակադրվող գործող անձը։ Նման մանրակրկիտ աշխատանքը մետաղից ստանալը նույնքան բարդ է, որքան շահեկան, քանի որ այլ նյութ կիրառելիս մանր խազերի այս «խաժամուժը» բոլորովին այլ բնույթ կստանար։

Ներքևի հարկում՝ ապակե լաբիրինթոսի դիմաց կարելի է տեսնել վերջին մրցանակակիր աշխատանքը՝ ֆրանսիացի փորագրանկարիչ Ալեքսանդեր Տոդորովի «Փողոց Ե» սև-սպիտակ կոնտրաստային լինոփորագրությունների շարքը։

«Բեռլինյան պատի անկումից ինը տարի շուտ ծնված և կոմկուսի քարտուղարների ամենատես հայացքի ներքո մեծացած» Տոդորովը խոստովանում է, որ ընտրել է գեղարվեստական տպագրության բարձր ռելիեֆային տեսակները՝ լինոփորագրությունն ու փայտափորագրությունը, քանի որ իր մանկության տարիներին դրանք քաղաքական պրոպոգանդայի հիմնական գործիքներն էին։

Ինչպես և Իչիրո Ցուբակիի «Գիշերային շուկան», Տոդորովի աշխատանքները ևս անակնկալ կերպով բազմաշերտ են, սակայն այստեղ բազմաշերտությունը ստեղծվում է ոչ թե թղթի գոյություն ունեցող երկու շերտի համադրությամբ, այլ մեկ մակերևույթին պատկերի ու պատկերի բացակայության մեկտեղումով։ Այսինքն, «Փողոց Ե»-ի տեսարանները ստեղծվում են եղած (սև) պատկերի և դրանից հեռացված (սպիտակ) մասի շերտավորումից․ գեղարվեստական հնարք, որը կարծես միևնույն տարածության մեջ է տեղավորում գոյություն ունեցողն ու չունեցողը։ Գուցե այս մոտեցումը նույնպես ծնունդ է առնում նկարչի բեռլինյան մանկությունից, երբ պատից այն կողմ եղած աշխարհն անիրական, բայց այնքան բաղձալի էր կոմունիստական ճամբարում ապրողների համար։

Միայն այս չորս հեղինակի աշխատանքները դիտելը ավելի քան երկու ժամ պահանջեց։ Ապա Լուսինեի հետ ստիպված էինք հեռանալ՝ ափսոսալով, որ ժամանակն այդքան արագ է «սպառվում», և ուրախանալով, որ դեռ վերադառանալու հնարավորություն ունենք։ 

 

Սոնա Արսենյան

Լուսանկարներ.

1.Իչիրո Ցուբակիի «Գիշերային շուկա»

2. Ագնեշկա Լեխ-Բինչիցկայի «Օննա II»

3 Վիկտոր Մանուել Էրնանդես Կաստիլյոյի «Պարոն Հայդ»

4.Պավել Դելեկտայի «Շախմատ IV»

5. Ալեքսանդեր Տոդորովի «Փողոց Ե»

... ... ... ...