«Ես նստել եմ Ստալինի ծնկներին». անցյալի ողբերգական արձագանքները Մարկաս Զինգերիսի վեպում

«Անցյալը մեռած չէ։ Այն նույնիսկ չի անցել», -իր վեպերից մեկում գրում էր Ուիլյամ Ֆոլքները։
«Մենք տարօրինակ ձևով ենք ժառանգում անցյալը։ Մանկության պատմությունների, պղտոր հին բաժակների, դեղնող լուսանկարների միջով»․ այս տողերն արդեն Մարկաս Զինգերիսի «Ես նստել եմ Ստալինի ծնկներին» վեպից են։ Գրքի հայերեն հրատարակության (Երևան, Հայաստանի Ֆրիտյոֆ Նանսեն ինստիտուտ, 2022) շնորհանդեսը տեղի ունեցավ  Երևանի Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի դահլիճում։ Գրքի թարգմանությանն աջակցել է Լիտվայի մշակույթի ինստիտուտը, այն լիտվերենից թարգմանելեն Օլգա Արզումանյանը և Ֆելիքս Բախչինյանը։

Գրքի շնորհանդեսի ընթացքում թանգարանի տնօրեն Վահագն Սարգսյանը հիշեցրեց հայ և հրեա ժողովուրդների ճակատագրերի զուգահեռների և նաև տարբերությունների մասին։ Հայաստանում Լիտվայի Հանրապետության դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատար Վիսմանտե Դայլիդենաիտեն իր ողջույնի խոսքում անդրադարձավ երկու ժողովուրդների պատմականորեն նույնական ճակատագրին. «Այս թարգմանությունն էական նշանակություն ունի, քանի որ երկու երկրները՝ Հայաստանն ու Լիտվան, ունեն նույն պատմական ճակատագիրը, մեր ժողովուրդներին կապում են խորհրդային կարգերի հասցրած վերքերը, որոնք մինչև այժմ չեն սպիացել։ Ուստի այս թարգմանությունն անխուսափելիորեն կդառնա Հայաստանը և Լիտվան կապող ևս մեկ թել, որը կօգնի մեր ժողովուրդներին է՛լ ավելի մտերմանալ գրական հայտնագործությունների միջոցով»։

Մարկաս Զինգերիսը, որը գրքի շնորհանդեսին մասնակցեց տեսակապի միջոցով իր տեսաուղերձում նշեց․ «Մեծ հաշվով՝ հայ և հրեա ժողովուրդներին միավորում է այն փաստը, որ երկու ժողովուրդներն էլ ենթարկվել են ցեղասպանության։ Ընդհանուր է նաև Հայաստանի և Լիտվայի, որպես նախկին խորհրդային հանրապետություններ, ճակատագիրը»։ Նա բարձր գնահատեց գրքի թարգմանիչների ջանադիր աշխատանքը, նրանց ներդրումը հայ-լիտվական կապերի զարգացման գործում։

Գրքի թարգմանիչ, գրող, Հայաստանի Ֆրիտյոֆ Նանսեն ինստիտուտի ղեկավար Ֆելիքս Բախչինյանը համառոտ ակնարկով անդրադարձավ հայ-լիտվական կապերին։

Հրեական ծագումով լիտվացի գրող, բանաստեղծ, դրամատուրգ և թարգմանիչ Մարկաս Զինգերիսը մտավորականների հետպատերազմյան սերնդի ներկայացուցիչ է, ծնվել է Կաունասում, 1971-ին ավարտել է Վիլնյուսի համալսարանի լրագրության բաժինը։ Դասավանդել է Կաունասի բուհերում, սակայն կոմունիստական կուսակցությանն անդամակցելուց հրաժարվելու համար հեռացվել է աշխատանքից։ Բանաստեղծական մի շարք ժողովածուների հեղինակ է, գրել է նաև վեպեր՝ «Շատրվանների շուրջ կամ փոքրիկ Փարիզ» (1998), «Երաժշտությամբ զբաղվել երկուսով» (2002) և այլն։ 2009 թվականից Լիտվայի վարչապետի խորհրդականն է հրեաների ցեղասպանության հարցերով։ Իր ստեղծագործական և մշակութային գործունեության համար 2013 թվականին արժանացել է «Լիտվային ծառայությունների համար» շքանշանի Ասպետական խաչի։

Ըստ իս, գոյություն ունի մի հետաքրքիր օրինաչափություն․ հիմնվելով պատմական հարուստ անցյալի վրա, որ մեր ժողովուրդների դեպքում շատ ընդհանրություններ ունի, հայ և լիտվական գրականությունները ինչ-որ չափով փոխլրացնում են միմյանց։ Այն խնդիրները, որոնք լեյտմոտիվային են լիտվականի դեպքում, մեր գրականությունը հազվադեպ է անդրադառնում, և ընդհակառակը։ Այսպես, տասնյակ հազարավոր բռնադատվածներ և զոհեր ենք ունեցել ստալինիզմի տարիներին, սակայն այդ թեման մեր գրականության մեջ գրեթե արտացոլված չէ, եղածներն էլ հիմնականում հուշագրական բնույթ ունեն՝ առանց գեղարվեստական վերլուծություն-ընդհանրացումների։ Մինչդեռ լիտվական արձակում ընտանեկան պատմությունները խորհրդային բռնաճնշումների ֆոնին վաղուց արդեն նորություն չեն, ավելին՝ լիտվական սփյուռքի ներկայացուցիչ Ռուտա Սեպետիսի «Մոխրագույնի երանգների միջև» անգլերեն վեպը «Նյու Յորք Թայմսի» բեսթսելլեր է ճանաչվել։

Զինգերիսի հինգերորդ՝ «Ես նստել եմ Ստալինի ծնկներին» վեպը նոստալգիկ պատմություն է մարդկային կյանքի մասին, որի միջոցով ներկայացվում է նաև կաունասցի հրեաների պատմությունը։ Այն լիտվերեն լույս է տեսել 2017-ին Լիտվայի գրողների միության հրատարակչության կողմից և արժանացել է Լյուդաս Դովիդենասի գրական մրցանակին՝ որպես լավագույն նոր լիտվական վեպ։ Առաջին լեզուն, որով թարգմանվում է վեպը, հայերենն է։

Ռեալիստական ուղղվածության վեպը բաղկացած է 9 գլխից, որոնցից յուրաքանչյուրը ներկայացնում է ժամանակային որոշակի կտրվածք, սակայն ժամանակագրական հերթականությունը ոչ միշտ է պահպանված։ Վեպն ունի բարդ կոմպոզիցիա, բայց սյուժետային մեկ հիմնական գիծ, որը ճյուղավորվում է նահանջ-պատմություններով։ Արծարծվող հիմնական թեման արհավիրքի, կոտորածի ու պատերազմի ազդեցությունն է ոչ միայն ականատեսների սերնդի, այլև նրանց ժառանգորդների՝ «կտրված թևերով սերնդի» վրա։ Գրքի գլխավոր հերոսի՝ Յաշա Բլյումինասի մայրն իր ապագա երեխային տեսել էր երազում, երբ գտնվում էր հրեական գետտոյում և ճամբարում, ու երեխան նրա պատասխանն էր նացիստներին։ Որքան մեծանա Յաշան, այդքան պիտի տանջվի ու շատ  ավելի պիտի ցավեն այն պատերազմի վերքերը, որը նա չէր տեսել․ «Մոխիր է մոր շագանակագույն աչքերի հատակում։ Այս ամենը նրա մեջ ներծծվել է մոր կաթի հետ»: Միայն մահն է, որ կբերի վերջնական ազատություն։

Ակնհայտ են հեղինակի և գլխավոր հերոսի կենսագրական զուգահեռները․ այսպես, ըստ  Զինգերիսի՝ գրքի ստեղծման դրդապատճառը հիվանդանոցում պառկած ժամանակ մահվան հետ առճակատումն էր, ինչը թույլ է տվել ավելի իմաստավորել կյանքը։ Յաշան ևս ի ծնե սրտի արատ ունի և արդեն հասուն տարիքում՝ մինչև վիրահատման սեղանին պառկելը վերհիշում, վերագնահատում է իր և իր նախնիների անցյալը։

Յաշան մեծանում է մի միջավայրում, որտեղ մի կողմից անհատ-բռնատիրություն հակասություններն են, իսկ մյուս կողմից՝ իր իսկ ընտանիքի տարբեր սերունդների փորձառությունների տարբերությունը։ Եթե Յաշայի տատն ու պապը կորցրել են իրենց ամբողջ ունեցվածքը և տառապել խորհրդային հեռավոր աքսորավայրում, իսկ մայրը չի կարողանում մոռանալ համակենտրոնացման ճամբարի սարսափները, ապա հայրը գոնե առերևույթ համակերպվել է նոր իրողություններին և դարձել կոմունիստական գաղափարախոսության կողմնակից՝ ի երախտագիտություն իրենց փրկության։ Փրկություն, որ նաև գերություն է ամբողջատիրության ճիրաններում, որ լի է նվաստացումներով և վտանգներով․ «Քեզ կկախեն, եղբա՛յր, ինչպես Միկան էր ասում, մի տեղից ու կպատվիրեն քեզ՝ տապալվածիդ, որ դահճին փառաբանես ու ամաչես, որ դու ողջ ես։ Բա՛յց։ Նրանք մեզ փրկեցին»։

Ի ուրախություն ընտանիքի անդամների՝ վեցամյա Յաշան հաղթում է ասմունքողների մոսկովյան մրցույթում և լուսանկարվում Ստալինի ծնկներին նստած․ հարազատները համոզված են, որ դա կապահովագրի իրենց, ու ստալինյան ռեժիմն ընտանիքի անդամներին չի վնասի։ Այսպես, Յաշան բեղավոր առաջնորդի հետ հայտնվում է մանկական ամսագրերի շապիկներին և մեծ ճանաչում ձեռք բերում։

Հարևանների, ծանոթների ձերբակալության, անհետացման ֆոնին երեխան նամակ է գրում ժողովուրդների առաջնորդին և ևս մեկ անգամ հայտնվում մամուլի էջերում։ Նա միայն աստիճանաբար է գիտակցում հասարակությանը համակած վախն ու կեղծավորությունը։

Յաշան «իր սեփական երևակայության» քաղաքացին է։ Դպրոցում նա ջերմ զգացմունքներ է տածում Բրազիլիայից հայրենադարձված մի աղջկա հանդեպ, հրապուրվում է ԽՍՀՄ փակ տարածքից դուրս տեղի ունեցողով, հատկապես՝ ջազային երաժշտությամբ։ Գալիս է մի պահ, որ ստի և հարմարվողականության մթնոլորտում Յաշայի և նրա ընկերների համար փրկօղակ է դառնում սաքսոֆոնային երաժշտությունը՝ որպես ճշմարտության խորհրդանիշ։ Միայն տարիներ անց, երբ վերստին պտտվում է պատմության անիվը, նրա մեջ գլուխ է բարձրացնում հայրենասերը, և Յաշան միանում է Լիտվայի անկախության վերականգնման փողոցային շարժմանը։ «Նա այստեղ էր կանգնել նաև վրեժ լուծելու համար, այո, վրեժ լուծելու տասնամյակներ շարունակ ինքն ինքը լինելու գարշահոտ երկյուղից»։

Շուրջ յոթ տասնամյակների պատմություն ընդգրկող վեպը գրված է պատկերավոր լեզվով, գրավիչ են խորհրդային կյանքի մանրամասների արժանահավատ նկարագրությունները, թեթև հեգնանքը, սակայն կան և երկարաբանություններ, զգացվում է կերպարների հոգեբանական նկարագրությունների պակաս։   

Չնայած պատմողական բովանդակությանը՝ գրքում երբեմն կարելի է հղումներ նկատել համաշխարհային գրականության գլուխգործոցներին, օրինակ՝ Ջեյմս Ջոյսի «Ուլիսես»-ին։ Ինքը՝ Յաշա Բլյումինասը «Ուլիսես»-ի գլխավոր հերոս Լեոպոլդ Բլումին հիշեցնում է ոչ միայն ազգանվամբ (Բլումի նախատիպը ևս հրեա էր), այլև իր ճանապարհորդություններով, «ոչ մեկը» լինելով ու իրադարձությունների վրա որևէ կերպ ազդելու անկարողությամբ․․․

Գրքի շնորհանդեսի ընթացքում  գեղանկարիչ Փարավոն Միրզոյանը մի հարցադրում արեց, թե արդյո՞ք հայերն ու լիտվացիները լուծել են իրենց անվտանգային խնդիրները, ինչպես դա արել են հրեաները և հզոր պետություն դարձած Իսրայելը, ու ինքն էլ պատասխանեց՝ ո՛չ․ Հայոց ցեղասպանությունը չի դատապարտվել ու շարունակվում է մինչև հիմա։

Իհարկե, ցանկալի կլիներ կիսել հեղինակի այն տեսակետը, թե «հրեական պատմության վրա դաստիարակված մարդը կարող է զգայուն լինել անհանդուրժողականության, ցեղասպանության և ատելության ամեն տեսակի դրսևորումների հանդեպ», սակայն 44-օրյա պատերազմի ժամանակ և դրանից հետո, ըստ մամուլի հաղորդագրությունների՝ հայասպան կողմին զենք վաճառող Իսրայելում ցավալիորեն քիչ էին ընդդիմացողները։ Հերթական անգամ հաստատվեցին պատմաբան Կլյուչևսկու խոսքերը, որ պատմությունը ոչինչ չի սովորեցնում․․․

 

Աշոտ Գրիգորյան

 

1․ Ելույթ է ունենում Լիտվայի Հանրապետության դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատար Վիսմանտե Դայլիդենաիտեն

2․ Թարգմանիչ և գրող Ֆելիքս Բախչինյանը

... ...