«Два пирожных, один սուրճ»

2014 թվականն էր, կինոօպերատոր Լևոն Աթոյանցը հերթական անգամ հրավիրել էր իր տուն, սուրճն արդեն սեղանին էր, ակնոցը դրել էր, մի փոքր լարվել, արխիվային լուսանկարներ էինք նայում, արտիստների, ռեժիսորների, կինոաշխարհի ամենատարբեր մարդկանց դեմքեր ժապավենի նման անցնում էին աչքերիս առջևով: Չէի հասցնում մեկով հիանալ` հայտնվում էր մյուսը, և զարմանքն անխուսափելի էր դառնում: Հերթը հասավ Ազատ Շերենցին, Աթոյանցը հիշում էր, որ միասին շատ են խմել, անգամ` նկարահանման հրապարակում, ու երանի էր տալիս այդ ժամանակներին, ծիծաղով ինչ-որ զվարճալի պատմություններ էր պատմում, բայց հետո մի պահ նայեց նրա լուսանկարին, դեմքը լրջացավ ու ասաց. «Շերենցը միակ մարդն էր, որը չէր խաղում. ոնց կյանքում էր, էդպիսին էլ կինոյում էր»: Ես, իհարկե, ավելի ուշ հասկացա, թե Աթոյանցն ինչ նկատի ուներ:

Տարիներ անց նորից եմ քրքրում արխիվս, Շերենցի նկարն եմ գտնում ու նայում եմ աչքերին. «Մեծ երեխա»,-մտածում եմ ու այս անգամ էլ հիշում դերասանուհի Էվելինա Շահիրյանի պատմածը. «Շերենցը շատ էր թեյ խմում, մի օր էլ Ռուսաստանում նկարահանումների ժամանակ հյուրանոցում գնում է բուֆետ և ռուս աշխատակցուհուն ասում. «Два пирожных, один սուրճ»: Վաճառողուհին ապշած նայում է դեմքին, ասում. «Два пирожных-я поняла, а вот остальное нет»: Շերենցն էլ գնալով ավելի է բորբոքվում, բղավում է. «Один սուրճ-я говорю, один սուրճ»: Այդպես երևի կես ժամ Շերենցը փորձում է բացատրել, թե ինչ է ուզում, բայց ոչ մի կերպ չի ստացվում, մեկ էլ մոտենում է Կիմ Երիցյանը, Շերենցը շրջվում է դեպի Կիմը, մատով ցույց տալիս վաճառողուհուն և ասում. «Սրան բացատրի, ասա` թող մի հատ կոֆե տա»: Իսկ աշխատակցուհին էլ չի հասկանում` եթե այս մարդը կարող էր նորմալ բացատրել, ինչո՞ւ էր այդքան ժամանակ իրեն տանջում»:

Էվելինա Շահիրյանի դուստրը` Նաիրա Շահիրյանն էլ ընդամենը 6 տարեկան էր, երբ նկարահանվում էր Շերենցի հետ: «Քաոս» ֆիլմում Էվելինա Շահիրյանը պետք է խաղար Անտոնինա, վերջին պահին, սակայն, ռեժիսորի ծրագրերը փոխվում են, և նրա ընտրությունը կանգ է առնում Իռեն Ազերի վրա: Փոխարենը ֆիլմում նկարահանվում են Էվելինա Շահիրյանի դուստրն ու որդին. նրանք խաղում էին Սմբատի երեխաների դերերը, իսկ Շերենցը` պապաշայի: Եվ ահա ֆիլմի նկարահանումների ժամանակ նրանք բոլորը մեկ ամսով մեկնում են Լենինգրադ, ու մինչ կհաստատվեին «Ինտուրիստ» հյուրանացում, Շերենցը հյուրանոցը դարձնում է հարազատ բակի պես մի վայր: Շփվում է օտարազգիների հետ, անգամ չհասկանալով նրանց լեզուն`ձեռքով-ոտքով բացատրում է ասելիքը: Նստում է նախասրահում ու ամբողջ օրը նարդի խաղում:

Դերասանուհին շեշտում է, որ եթե Սոս Սարգսյանից բոլորը մի տեսակ «ձգվում էին», ապա Շերենցին վերաբերվում էին որպես բարի պապիկի, որը միշտ ժպտում էր. «Ես, իհարկե, Շերենցին մանկան աչքերով եմ հիշում: Նա ինձ մոտ տպավորվել է իր սպիտակ շապիկով, ինքնաեռը գրկում էր ու նստում նախասրահում: Ի դեպ, ինքնաեռը անընդհատ տանում էր իր սենյակ, աշխատակիցները խնդրում էին, որ հետ բերի, կարճ ժամանակով բերում էր, հետո էլի տանում: Պետք է իր սենյակում անպայման թեյ ունենար: Ամբողջ հյուրանոցն իր կյանքով էր ապրում, իսկ Շերենցը`բոլորովին այլ կյանքով: Նա իր աշխարհն ուներ, և այդ աշխարհից իրեն բնորոշ բարությամբ էր նայում մարդկանց»,-ասում է դերասանուհին:

Կինոյի դիմահարդար Անահիտ Աղաջանյանն էլ պատմում է, որ Շերենցի հետ աշխատելը երազանքի պես մի բան էր. «Պարզության մարմնացում էր, գեղջկական մի մաքրություն կար մեջը, որ ոչ մի գրիմ չէր փակի, և հակառակը` ոչ մի շպարի միջոցով հնարավոր չէր հաղորդել. արտիստը դա կա´մ ունի, կա´մ ոչ: Կա մի հայացք, որը միայն Շերենցին է բնորոշ. դա շատ բան տեսած ու այդ տեսածի հետ հաշտ, խաղաղ ապրող  մարդու  հայացքն է»:

Վերջերս նորից «Խնձորի այգին» ֆիլմն էի նայում, ու Աթոյանցի խոսքերի իմաստը մտքումս ավելի վառ փայլատակեց: Նա մի բան էլ էր ասում. «Իսկական դերասանը հենց նա է, որը չի խաղում...»:

 

Աննա Բաբաջանյան

Բացառիկ լուսանկարը` Անահիտ Աղաջանյանի արխիվից