«Ավրորայի լուսաբացը»․ ուշագրավ պատմություն ցեղասպանության սարսափի և գոյատևման մասին

«Ավրորայի լուսաբացը» ֆիլմի և Ավրորա Մարդիգանյանի պատմությունը  շարունակվում է կինոաշխարհի մեծ էկրաններին, փառատոնային ծրագրերում և  միջազգային առաջատար լրատվամիջոցների էջերում: 2023 թվականի նոյեմբերի 20-ին ֆիլմին է անդրադարձել «The Guardian»-ը, որի աշխատակից, կինոքննադատ Լեյզլի Ֆելպերինը Իննա Սահակյանի ֆիլմի առիթով վերստին վերադարձել է  ցեղասպանության թեմային և Ավրորա Մարդիգանյանի զարմանալի պատմությանը: «ArtCollage»-ը ներկայացնում է «The Guardian»-ի հրապարակումը՝ Լյուսիլ Ջանինյանի թարգմանությամբ:

 

***

Արխիվային հարցազրույցների և նկարչական անիմացիոն վերականգնումների միջոցով Ավրորա Մարդիգանյանը վերհիշում է Հայոց ցեղասպանության ընթացքում իր ապրած փորձառությունը և այն, թե ինչպես է փախել ԱՄՆ և դարձել համր կինոյի աստղ։

Լեյզլի Ֆելպերին

 

Հաշվի առնելով, որ «ցեղասպանություն» բառն այս օրերին ակտիվ կերպով  կիրառվում է, հարկ ենք համարում նորից անդրադառնալ այն վայրագություններին, որոնք «նպաստեցին» այս տերմինի ստեղծմանը, թեև, իհարկե, գործնականում ցեղասպանությունները բազմիցս տեղի են ունեցել պատմության ընթացքում: Այս սարսափազդու, բայց լիովին հետաքրքրաշարժ և ստեղծագործական հնարամիտ լուծումներով ֆիլմը՝ անիմացիայի և արխիվային կադրերի միաձուլմամբ, պատմում է երիտասարդ հայ կնոջ՝ Արշալույս Մարդիգանյանի կենսագրությունը (որը հետագայում վերանվանվեց Ավրորա), որն անձամբ է վերապրել Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ տեղի ունեցած Հայոց ցեղասպանությունը: Նա ոչ միայն հրաշքով ողջ է մնացել, այլև խաղացել է ինքն իր դերը՝ 1919 թվականին նկարահանված «Հոգիների աճուրդ» համր ֆիլմում, որը պատմում էր իր ապրած սարսափելի փորձությունների մասին: Սա կենսագրական ֆիլմի առաջին նմուշներից էր, որտեղ հերոսն ինքն իրեն էր մարմնավորում ֆիլմում, բայց սա միայն մի փոքրիկ մասն է պատմության, որը լեցուն է հրաշքներով, ողբերգությամբ, անվերջանալի սարսափներով և, ի վերջո, հույսով ու իմաստությամբ:

Այս ֆիլմում, փաստորեն, երեք Ավրորա/Արշալույս կա. առաջինն իրական Ավրորա Մարդիգանյանն է, որին մենք առաջին անգամ հանդիպում ենք որպես տարեց տիկնոջ, որը նստած է մեր առջև կոկետ հերակալով: Արխիվային հարցազրույցներում, որոնք նկարահանվել են նրա մահից (1994թ․) մի քանի տարի առաջ, Ավրորան զրուցակիցներին պատմում է իր կյանքի պատմությունը՝ երբեմն հայերեն, երբեմն էլ՝ անգլերեն։ Այդ կադրերը մոնտաժված են անիմացիայի հետ, որոնք թղթե կտրվածքների և կիսառոտոսկոպային տեխնիկաներով ստեղծված կերպարների միջոցով բեմադրում են Ավրորայի պատմությունը։ Ջրաներկային գեղանկարչական պատկերների միջոցով, որոնք ոճավորում և խնայողաբար խամրեցնում են ամենասարսափելի վայրագությունները, մենք տեսնում ենք, թե ինչպես Ավրորան մեծահարուստ ընտանիքի երջանիկ դեռահաս աղջկանից, որն իրենց բակում բեմադրություններ էր անում, մահվան երթի ժամանակ վերածվում է որբ փախստականի, բռնության ենթարկվում և ստրկության վաճառվում, այդուհանդերձ, կարողանում է փախչել մի քանի անգամ։

Ի վերջո, նա գաղթում է Ամերիկա, որտեղ նրա պատմությունը սկզբնական շրջանում դառնում է թերթերի աղմկահարույց զեկույցների հիմք, իսկ ապա՝ հուշագրություն, որն այնուհետև Հոլիվուդում վերածվում է «Հոգիների աճուրդ» ֆիլմի, որի մի քանի պահպանված հատվածները ապահովում են Ավրորայի երրորդ կերպարը։

Հայ ռեժիսոր Իննա Սահակյանը սահուն անցնում է գրանցամատյաններով՝ ստեղծելու մի անթերի պատմություն՝ լի պատումներով և տարօրինակ մանրամասներով, ինչպիսին է օրինակ երեկույթի ժամանակ Ավրորայի հանդիպումը Չարլի Չապլինին:

Ֆիլմն ազնվորեն պատմում է այն մասին, թե ինչպես է Ավրորան շահագործվել լրագրողների և կինոարդյունաբերության կողմից, որոնք ցանկանում էին  հանդիսատեսին գրավել Ավրորայի հիացմունքի արժանի պատմությամբ: Սակայն ֆիլմից և հուշագրությունից ստացված եկամուտը նաև ծառայել է մարդասիրությանը՝ աշխարհով մեկ սփռված հայ որբերին և փախստականներին օգնելու նպատակով:

Ամենաուշագրավ պահը, թերևս, ֆիլմի վերջն է, երբ տարեց Ավրորան նշում է, որ չի ցանկանում վրեժ լուծել, նա պարզապես ցանկանում է, որ ցեղասպանության հետ առնչություն ունեցողները պատասխանատվության ենթարկվեն և «նստեն արդարադատության աթոռին»:

 

Թարգմանությունը՝ Լյուսիլ Ջանինյանի