«Նա ուզում էր Հայաստան գալ հաղթած». Անծանոթ Սևակը գրող, գրականագետ Հովիկ Չարխչյանի աչքերով

«Ծնունդս գրանցված է պապերիս հարուստ գրադարանից մնացած միակ գրքի՝ «Նարեկի» կազմին»,- պատմում է գրող, գրականագետ, լրագրող Հովիկ Չարխչյանը՝ Պարույր Սևակի լրացրած մի հարցաթերթը հիշելով։ Պարզել է, որ 1960-ական թվականների սկզբին Գուրգեն Մահարին պատրաստվում էր Սևակի մասին հոդված գրել և Սևակին մի հարցաթերթիկ էր ուղարկել, որ լրացնի, և իր համար ավելի դյուրին լիներ կենսագրությունը կառուցել։ Հանդիպում-քննարկման առիթն էլ հոբելյանական է։ Պարույր Սևակի 100-ամյակի առթիվ նոր դիտակետից ներկայացվում է Սևակ մարդն ու բանաստեղծը։ Սևակի կյանքն ու գործն ուսումնասիրել են մի շարք հետազոտողներ՝ Ալբերտ Արիստակեսյանը, Դավիթ Գասպարյանը, Գայանե Մալումյանը։ Սևակագիտական մի շարք ուսումնասիրությունների հեղինակ Հովիկ Չարխչյանը նոր լույսի ներքո է բացահայտում Սևակի կյանքի մի շարք դրվագներ, որոնց շուրջ վարկածներ կան ու վեճեր են ընթանում։ Գրականագետի բազմաթիվ հոդվածների կողքին են նշանավոր աշխատությունները՝ «Սուլամիթա. Սևակի մեծ սերը» երկհատոր փաստագրական վեպը (Երևան, 2014), «Սևակի մահվան առեղծվածը» (Երևան, 2005)։

«Երբեմն կարդում ենք հետազոտություններ, որտեղ տպավորություն է ստեղծվում Սևակի երջանիկ կյանքի մասին։ Սակայն Սևակը ծնվեց այն ժամանակ, երբ իշխանության եկավ Ստալինը և 30 տարի շարունակ անցնելու էր նրա իշխանության ներքո։ Սևակը տեսավ ստալինյան բռնությունների բոլոր ձևերը, ապրել էր 1937 թվականը, դրան հաջորդող շրջանը, պատերազմը, աքսորի տարիները։ Ինչպիսին պիտի լինեին նրա ապրումները և ինչպես կարող էր այդ ամենը չազդել նրա վրա»,- պատմում է պարոն Չարխչյանը։

Գյուղում ամենօրյա տանջալից աշխատանքները տեսնելուց ու արարող գյուղացու պայքարին հետևելուց հետո երիտասարդ Սևակը տեղափոխվել է Երևան՝ ուսում ստանալու նպատակով։ Ինչպես բանախոսը նշեց՝ տարակուսանքով լցված Սևակը գնում է Երևան, որտեղ անընդհատ սովորում էր՝ օր ու գիշեր։ Ուրիշ կերպ ապրել չէր կարող, կամ պետք է լիներ շատ լավը, կամ պետք է չլիներ։

Երևանում բանասիրական կրթություն ստանալով՝ Սևակն աշխատել է «Ավանգարդ»-ում որպես բաժնի վարիչ, «Գրական թերթ»-ում որպես պոեզիայի բաժնի վարիչ, ինչպես նաև Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում, Հայաստանի գրողների միությունում։ Ժամանակագրական առումով իրար հաջորդել են «Անմահները հրամայում են», «Անհաշտ մտերմություն» պոեմը, «Սիրո ճանապարհը», «Նորից քեզ հետ» բանաստեղծությունների ժողովածուները, «Ուշացած իմ սեր», «Նահանջ երգով», «Երգ երգոց», «Անլռելի զանգակատուն», «Այր մի Մաշտոց անուն» և «Եռաձայն պատարագ» պոեմները։ Սակայն ըստ գրականագետի՝ «Անլռելի Զանգակատունն» էր, որ պետք է ապացուցեր, որ կա Պարույր Սևակ բանաստեղծը, որը կարող էր բոլորին զարմացնել։

 

Մոսկավյան շրջանն ու Հայաստան վերադարձը.

Ինչպես հայտնի է, Հայաստանում բանասիրական կրթություն ստանալուց հետո Սևակը նույն մասնագիտությունը շարունակել է Մոսկվայում։ Կրթություն ու աշխատանք Մաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտում, ստեղծագործական բարդ և ճգնաժամային փուլ, նյութական բարդագույն իրավիճակ։ Ինչո՞ւ միայն տարիներ անց Սևակը պիտի վերադառնար հայրենիք։

«Եթե նկատենք, որ Սևակը գնաց Հայաստանից, ստալինիզմի բռնություններից փախչելու և դրա հետևանքները չտեսնելու համար, ապա պետք է տեսնենք, որ նա չեկավ Ստալինի մահվանը հաջորդած տարիներին։ Ինչո՞ւ չեկավ, մի շարք հանգամանքներ են եղել իհարկե, բայց դրանցից մեկն այն էր, որ նա ուզում էր Հայաստան գալ հաղթած։ Եվ դա կատարվեց «Անլռելի Զանգակատան» ստեղծմամբ» Հ.Չ.։
Artcollage-ի հարցին, թե ինչպիսի՞ արձագանք էր ստանում Սևակի գործունեությունն ու ստեղծագործական կյանքը ժամանակի հայ մամուլում և գրական շրջանակում, պարոն Չարչխյանը պատասխանեց. «Սևակն ամենաանտեսված հեղինակներից է եղել, ամենաքիչ գրախոսականները նրա մասին են գրվել։ Ես անգամ հանդիպել եմ նյութերի, որտեղ, օրինակ, գրողների մի խումբ է նշված, թվարկում են նրանց, և Սևակը կարծես «և այլն»-ի շարքում է։ Դա, թերևս, պայմանավորված էր իր խառնվածքով, անհաշտությամբ, անկախ կեցվածքով. ինքնուրույն, միայնակ գայլ էր, խմբակայնություն չէր սիրում, իսկ գրողների շրջանում որևէ մեկին չէր հարում։ Իհարկե, կար նաև մրցակցությունը, իսկ Սևակը ջանքեր չէր գործադրում առաջին էջերում լինելու համար։ Դա նրա համար միևնույն էր, իր աշխարհը գրականությունն էր, ստեղծագործելն էր և թերթերով չէր, որ պետք է այն որոշվեր։ Կարծում եմ, որ ժամանակն ամենը տեղը դրեց, ժողովուրդն արժանին մատուցեց և ճիշտ ձևով մատուցեց» Հ.Չ.։

Սևակին տեսել, զրուցել և այժմ արդեն նրա մասին հուշեր պատմեց նաև 122-րդ դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի, բանաստեղծ Դունյա Կարապետյանը։ Հայրենի գյուղի հարևանուհին հիշում է, թե ինչպիսի մեծ սեր էր վայելում Սևակը համագյուղացիների շրջանում։

«Սևակը մեր գյուղն ամբողջ աշխարհում հայտնի դարձրեց։ Նա մեր գյուղը վերածնեց իր բարությամբ։ Նա գրեթե ողջ գյուղի համար աշխատում էր իր հնարավորություններն ու կապերը օգտագործելով՝ ի սեր համագյուղացիների։ Մեր գյուղի համար Սևակը բանաստեղծ չէր, Սևակը հարազատ մարդ էր, որը միշտ իրենց պետք է օգներ։ Երբ իր առանձնատունը կառուցում էին, բոլորն ուզում էին օգնել։ Իսկ նա միայն բանաստեղծ չէր, իր ամբողջ տանը աճեցրել էր ծաղիկներ, որն ինքն էր առաջինը բերել։ Սևակը ոչ թե բանաստեղծի դրոշմն է, այլ մարդ տեսակի դրոշմն է, որը միշտ կանգնած է առաջին շարքերում, այդպիսին է եղել նաև Թումանյանը»,-պատմում է Դ. Կարապետյանը։

Ի դեպ, շարունակելով ամենամյա ավանդույթը տիկին Կարապետյանը, հունվարի 24-ին Պոեզիայի տոն է կազմակերպում և գրականության սիրահարներին հրավիրում Սևակին հիշելու և վերընթերցելու խորհդրով։

Գրական հանդիպման ընթացքում գրականագետին Սևակի մի քանի ուշագրավ լուսանկարներ հանձնվեցին։ Սևակի անվան դպրոցի գրադարանավարուհի Էմմա Ավետիսյանը դրանք պահպանել է տարիներ շարունակ և հուսով է, որ սևակագետը կբացահայտի հերոսներին և նկարների ստեղծման առիթը։

 

Ալմաստ Մուրադյան