«Վանդակը, որ թռչուն էր որոնում»․Կաֆկա

2024-ի հունիսի 3-ին Կաֆկայի մահվան 100-ամյա տարելիցն էր: Այսօր՝ հուլիսի 3-ին նրա ծննդյան օրն է, և «ArtCollage»-ը Լյուսիլ  Ջանինյանի թարգմանությամբ իր ընթերցողներին է ներկայացնում «The Guardian»-ի և «The Washington Post»-ի այս տարվա անդրադարձները Կաֆկայի հավերժական առեղծվածին:

 

***

Ֆրանց Կաֆկան վախճանվեց 40 տարեկան հասակում՝ 1924 թվականի հունիսի 3-ին: Ուղիղ 100 տարի անց կարող ենք նշել, որ նրա գրական հեղինակությունը բարձրացել է,  գրեթե բոլոր ստեղծագործությունները հրատարակվել են, իսկ  կյանքն ու ստեղծագործություններն ուսումնասիրվել են բոլոր հնարավոր տեսանկյուններից: Ավելին, “kafkaesque”  («կաֆկայական») դարձել է տերմին՝ նկարագրելու բյուրոկրատական ​​շրջապտույտի, անորոշ սպառնալիքի և էքզիստենցիալ մռայլության անկայուն, մղձավանջային աշխարհը: Բավական է խորհենք միայն «Դատավարության» առաջին նախադասության մասին. «Երևի ինչ-որ մեկը զրպարտել էր Յոզեֆ Կ-ին, որովհետև նա ոչ մի վատ բան չէր արել, բայց մի առավոտ նրան ձերբակալեցին»: Կամ քննարկենք այս անհանգստացնող դիտարկումը՝ «Ես վանդակ եմ, որ թռչուն է որոնում»։ Եվ հետո, իհարկե, գալիս է սա՝ «Երբ Գրեգոր Զամզան մի առավոտ անհանգիստ երազներից արթնացավ, տեսավ, որ անկողնում սարսափելի ուտիճի է վերափոխվել»:

Համաշխարհային գրականության մեջ շատ քիչ թվով հեղինակներ են վայելում նման հետմահու երկակի կյանք։ Շեքսպիրի անմնացորդ ազդեցությունը, հավանաբար, լավագույնս կարելի է համեմատել Կաֆկայի ազդեցության հետ: Այս գրողների ստեղծագործությունները, ըստ երևույթին, չեն ծերանում. Ընթերցողների յուրաքանչյուր նոր սերունդ դրանք նորովի ուսումնասիրելու կարիք է զգում: Նույնիսկ այն փաստը, որ տեքստերը հարյուրավոր անգամներ քննվել և «փորվել» են որպես հետազոտության առարկա, չի կանգնեցնում գալիք սերնդին։

Բայց Կաֆկայի դեպքում կա ևս մեկ գործոն, որն առնվազն նույնքան կարևոր է նրա հայտնի լինելու և ժողովրդականություն վայելելու համար. Նա, անկասկած, պատկերում է ժամանակակից աշխարհը, որը ձեռք է բերել չարաբաստիկ հատկություններ: Սա ի սկզբանե սխալ էր հասկացվել: Առաջին սերնդի շատ ընթերցողներ Կաֆկային տեսնում էին որպես մի մարգարե, որը կանխատեսել էր ֆաշիզմի և ստալինիզմի սարսափները: Այսօր, սակայն, նրա տեքստերը մենք կարդում ենք ավելի ուշադիր և ավելի քիչ կողմնակալ կերպով։ Դրանով մենք գիտակցում ենք, որ այդ «կաֆկայական» սցենարները, հատկապես «Դատավարությունում» և «Դղյակում», այդքան խորն են ազդում մեզ վրա ոչ այնքան այն պատճառով, որ նրա հերոսները ենթարկվում են կամայական բռնությունների, ավելի շուտ, մղձավանջային թափը կապված է այն բանի հետ, որ գլխավոր հերոսները մշտապես հայտնվում են անհասկանալի իրավիճակներում, որտեղ նրանք զգում են, որ տեսանելի են և զրկված են գաղտնիություն ունենալու իրավունքից: Պարզաբանումների վերաբերյալ նրանց խնդրանքներն ընդառաջվում են պարտադրելու պատրաստակամությամբ, և նրանց տրվում է բազմաթիվ տեղեկություններ: Եվ այնուամենայնիվ, երբեք որևէ բան չկա, որն իսկապես օգնում է նրանց, անհեթեթ պատճառներ են նշվում, և, ի վերջո, ոչ ոք պատասխանատվություն չի կրում։

Սրանք փորձառություններ են, որոնք բնորոշ են ժամանակակից, բյուրոկրատական ​​չափից ավելի կանոնակարգված զանգվածային հասարակություններին և աշխարհին, որտեղ շատ մարդիկ կարող են հետևել իրենց մասնագիտական ​​կամ ֆինանսական վիճակին միայն այս կամ այն համակարգի օգնությամբ: Դրանք նույնիսկ ավելի բնորոշ են այն հասարակություններին, որտեղ հաղորդակցությունը դառնում է ավելի անանուն կամ նույնիսկ ավտոմատացված (սոցիալական լրատվամիջոցներ, թեժ գծեր), որտեղ մասնավոր տվյալները լայնորեն չարաշահվում են, իսկ հսկողության տեխնոլոգիան կիրառվում է ավելի ու ավելի լայնածավալ մասշտաբով: Հետևաբար, Կաֆկայի «Դատավարություն»-ը 21-րդ դարում ընթերցողները գիտակցում են մի բան, որ հեղինակը, հավանաբար, չէր կարող այս չափով կանխատեսել ապագան, բայց գրողի ստեղծագործություններում այն հայտնվեց որպես չարագուշակ նախազգուշացում, որն անտեսեց թե՛ նրա ժամանակակից, թե՛ գալիք աշխարհը։ Սա, անշուշտ, հիմնական պատճառներից մեկն է, թե ինչու մենք Կաֆկային դեռ համարում ենք այսքան ժամանակակից և արդիական գրող։

1917 թվականի ամռան վերջին, տուբերկուլյոզի առաջին նշաններից հետո, որը մեկ տասնամյակ էլ չանցած կսպաներ նրան, Ֆրանց Կաֆկան տեղափոխվեց քրոջ մոտ՝ Բոհեմիայի գյուղերից մեկը։ Անսպասելիորեն վրա հասած խաղաղ այս ժամանակաշրջանում նա գրեց մի շարք աֆորիզմներ, որոնցից առանձնացրել էր՝ «Ճշմարիտ ճանապարհը ճոպանուղու երկայնքով է, ոչ թե օդում կախված պարանով․ պետք է գետնի վրա քայլել: Կյանքն ավելի շատ ճամփորդական պարանի է նման, քան լարախաղացի ուղու»: Գուցե սույնով նա նկարագրում էր դեպի իրական Կաֆկան տանող ճանապարհը, որը գրողները, կենսագիրներն ու գիտնականները փորձում են պատկերել նրա մահվանից ի վեր:

Նույնիսկ Ռայներ Շտախը՝ Կաֆկայի կենսագրության վերջնական մշակողն ու հեղինակը, նախընտրեց ավարտել այդ մոտ 2000 էջանոց աշխատանքը անորոշության կետով՝ մեջբերելով չեխ գրող Յոհաննես Ուրզիդիլին, որն ասում էր, որ Կաֆկայի մտերիմները կարող էին տեսություն կազմել նրա ստեղծագործության իմաստի մասին, բայց ոչ ոք չէր կարող ասել, թե ինչպես էր ստացվել, որ նա գրել էր դա։

Անորոշությունը, առեղծվածը և արմատական ​​մեկնաբանելիությունը դարձան նրա  հայտնի՝ «Դատավարություն», «Դղյակ» և «Կերպարանափոխություն» ստեղծագործությունների անբաժանելի մասը։ Արդյո՞ք Գրեգոր Զամզան իսկապես ուտիճի էր վերածվել, թե՞ նրա կերպարանափոխությունը խորհրդանշական բնույթ է կրում։ Պատմության ամբողջ փայլը դրանում է․ երկու իրողություններն էլ միաժամանակ ճշմարիտ են։ Կաֆկայի գերմաներենը պարզ և հստակ է, այդուհանդերձ, նա աշխատում է պարադոքսալ առեղծվածով պարուրել իր պատմության սցենարները: «Նրա ոճի պարզությունն ընդգծում է նրա ֆանտազիայի մութ հարստությունը», - նշել է Վլադիմիր Նաբոկովը՝ «Փոխակերպում» թեմայով Քորնելի դասախոսության ընթացքում։

Կարո՞ղ է այս պարզությունը նշանակել, որ հեղինակի առաջադրած հանելուկներից գոնե մի քանիսի պատասխանները կարելի է գտնել նրա՝ 1909-1923 թվականների օրագրերի գրառումներում։

Դրանք հասանելի են 1940-ականներից, բայց միայն Մաքս Բրոդի խմբագրմամբ կամ, ավելի ճիշտ, վերաձևակերպված տարբերակով, ինչը հակասում էր Կաֆկայի ցանկությանը։ Ու նա, ստեղծագործությունները այրելու փոխարեն խմբագրել ու նորովի էր ներկայացնում հեղինակին։

Օրագրերի վերականգնված հրատարակությունը հայտնվեց Գերմանիայում 1990 թվականին և այժմ հասանելի է անգլախոս ընթերցողներին Ռոս Բենջամինի  թարգմանությամբ։

Բենջամինի նպատակն է «բռնել» Կաֆկային գրելու պահին  և ներկայացնել օրագրերը ոչ թե որպես միասնական ամբողջություն, ինչպես դա արվում է Բրոդի տարբերակում, այլ որպես «հոսող՝ գրելը որպես հեղուկ, շարունակական, աննպատակ գործունեություն»: Այս տարբերակում մենք տեսնում ենք ուղղագրական սխալներ, լքված պատմությունների հատվածներ, մեկնարկային մտքեր, որոնք ընդհատվում են նախադասության մեջտեղում, և Կաֆկայի՝ տետրերի մեջ պտտվելու սովորության պատճառով, տեսնում ենք ժամանակագրական փորձ, որտեղ մենք կարող ենք կարդալ իրական հաջորդականությունը, որտեղ սկիզբն ու վերջը մեկ գծով չի ընթանում:

Կաֆկան հաճախ էր ընկճախտով տառապում գրելու համար: «Ոչինչ չգրեցի», - նշվում է 1912 թվականի հունիսի 1-ի գրառման մեջ: «Գրեթե ոչինչ չգրեցի»,- հետևում է հաջորդ օրվա գրառումը։ Հունիսի 7-ին. «Ահավոր է, այսօր ոչինչ չգրեցի»։ Հաջորդ ամսվա գրառումների համաձայն, ոչ մի բարելավում. «Այսքան ժամանակ ոչինչ չեմ գրել»: «Ոչինչ չգրվեց»։ «Ոչինչ, ոչինչ»: «Անիմաստ օր»։ Շատ գրողներ են նման բողոքներ ունենում և, ինչպես մյուսները, Կաֆկան մի պահ որոշում է, որ իր սեղանն է խնդիրը («Այժմ ես ուշադիր նայեցի իմ գրասեղանին և հասկացա, որ անհնար է դրա վրա որևէ լավ բան անել»):

«Ես ոչ այլ ինչ եմ, քան գրականություն», - պնդում էր Կաֆկան 1913 թվականի օգոստոսի 21-ին արված գրառման մեջ: Նայելով նրա պատմվածքներին և վեպերին, օրագրերին և նամակներին, և նույնիսկ այն գրառումներին, որոնց հետ նա հաղորդակցվել էր կյանքի վերջին օրերին, երբ տուբերկուլյոզի հետևանքով նրա համար չափազանց ցավոտ էր խոսելը, այն միտքը, որ նրա իրական ես-ն ավելի շատ իր գրության մեջ էր, քան մարմնի, չափազանցված չի թվում: Այս լույսի ներքո օրագրերը, որոնցում գեղարվեստական ​​գրականությունը, խոստովանությունը, երազները, անբռնազբոս հումորը և հուսահատությունը միախառնվում են՝ ստեղծելով խառնաշփոթ, դառնում են հենց այն ճանապարհը, լարը, որը մեզ տանում ու կանգնեցնում է Կաֆկայի  չբացահայտված առեղծվածի շեմին։

 

Նյութի աղբյուրներ՝ «The Washington Post» հունիսի 7, 2024

«The Guardian», մայիս, 2024

 

Թարգմանությունը՝ Լյուսիլ Ջանինյանի