Մեծերը՝ մեծերի մասին. ինչպես են հայտնի ռեժիսորները գնահատում իրենց գործընկերներին

Տարածված կարծիք կա, որ կինոգործիչներն աչքի չեն ընկնում միմյանց հանդեպ դրական վերաբերմունքով: Մշտական մրցակցությունն ու հավակնությունները խոչընդոտում են գործընկերային հարաբերություններին: Բայց ներկայացնում ենք աշխարհահռչակ մի քանի ռեժիսորների կարծիքներն իրենց նույնքան մեծանուն գործընկերների մասին, որոնք կօգնեն փաստել հակառակը:

 

Գոդարը, Տարկովսկին և Մալը՝ Ռոբեր Բրեսոնի մասին

Ժան-Լյուկ Գոդար. «Բրեսոնը ֆրանսիական կինոյի համար նույնն է, ինչ Մոցարտը՝ գերմանական երաժշտության և Դոստոևսկին՝ ռուսական գրականության համար»:

Անդրեյ Տարկովսկի. «Բրեսոնը հանճարեղ է: Եթե նրան առաջին տեղում դնենք, ապա նրան հաջորդող ռեժիսորն արդեն կլինի 10-րդ հորիզոնականում: Այս հեռավորությունը պարզապես ցնցող է: Երբ աշխատում եմ, ես միշտ մտածում եմ Բրեսոնի մասին: Միայն նրա մասին եմ մտածում: Չեմ հիշում, մասնավորապես, նրա աշխատանքները, այլ միայն նրա վերին աստիճանի ասկետիկ ոճը, նրա պարզությունը: Բրեսոնի մասին միտքն օգնում է ինձ կենտրոնանալ ֆիլմի առանցքային գաղափարի վրա: Նա ինձ համար իսկական ռեժիսորի օրինակ է: Նա ենթարկվում է միայն արվեստի բարձրագույն օրենքներին»:

Լուի Մալ. «Այն ձևը, որում աշխատում է Բրեսոնը, ինձ հիշեցնում է ավանդույթի մասին, որը գալիս է Ռասինից: Չեմ կարծում, թե Բրեսոնն ինձ վրա ազդեցություն ունեցել է, բայց ես ափսոսում եմ, որ այդպես չի եղել»:

 

Բերգմանը, Ֆելինին, Տարկովսկին, Հիչքոքը և Սկորսեզեն՝ Միքելանջելո Անտոնիոնիի մասին

Ինգմար Բերգմանը չի սիրել Անտոնիոնիի  ֆիլմերը: Այնուամենայնիվ, «Ֆոտոընդարձակումը» և «Գիշերը» նա համարում էր բարձրակարգ գլուխգործոցներ (բայց անտեսում էր մյուս աշխատանքները): Ավելի ուշ նա ասել է. «Տարօրինակ է, որ հիմա, երբ ես Անտոնիոնիին անձամբ եմ ճանաչում, նրա ֆիլմերն ինձ ավելի շատ են հիացնում: Որովհետև ես հանկարծ հասկացա, թե ինչ է նա անում: Ես հասկացա, որ այն, թե ինչպես է նա մտածում, նրա տեսակետը, անձնական պահվածքը տարբերվում են նրա ռեժիսուրայից»: Բերգմանը և Անտոնիոնին մահացել են նույն օրը:

Ֆեդերիկո Ֆելինի. «Ես հարգում եմ նրան անկախության, մոլեռանդ ամբողջականության և փոխզիջումների գնալուց հրաժարվելու համար: Նա արվեստագետ է, որը գիտի՝ ինչ է ցանկանում ասել, և դա բավական է»:

Անդրեյ Տարկովսկի. «Անտոնիոնին մեծ տպավորություն է թողել ինձ վրա, հատկապես նրա «Արկածը»: Ավելի ուշ ես հասկացա, որ ֆիլմում գործողությունը (action) կարող է պայմանական լինել: Անտոնիոնիի ֆիլմերում սովորական իմաստով գործողություն չկա: Բայց հենց դա է նրա համար գործողությունը»:

Ալֆրեդ Հիչքոքը մի անգամ նշել է. «Այս իտալացին սկսում է անհանգստացնել ինձ»:

Մարտին Սկորսեզե. «Անտոնիոնիի ֆիլմը փոխեց կինոյի և շրջապատող աշխարհի նկատմամբ իմ մոտեցումը, երկուսն էլ հանկարծ դարձան անսահման: Ինձ  հիացրել է «Արկածը» և նրա հաջորդ ֆիլմերը: Ընդունված կանոնների համաձայն դրանք թերի են, դրանք գաղտնիքներ ունեն: Այսինքն գաղտնիքն այն է, թե  ով ենք մենք, ով ենք մենք մեկս մյուսի համար և ժամանակի մեջ: Անտոնիոնին նայել է ուղիղ մարդկային հոգու մեջ»:

 

Վիսկոնտին, Տրյուֆոն և Ալմոդովարը՝ Լուիս Բունյուելի մասին

Լուկինո Վիսկոնտի. «Կարծում եմ՝ այսօր շատ են ռեժիսորները, որոնք իրենք իրենց չափազանց լուրջ են ընդունում: Միակը, ով կարող է ինչ-որ նոր և հետաքրքիր բան ասել, Լուիս Բունյուելն է: Նա մեծագույն ռեժիսոր է»:

Ֆրանսուա Տրյուֆո. «Լուիս Բունյուելը, հնարավոր է, գտնվում է Ռենուարի և Բերգմանի արանքում: Կարելի է մտածել, որ Բունյուելը մարդկությանը հիմար է համարում, իսկ կյանքը՝ զվարճալի, ինչի մասին էլ հայտնում է շատ մեղմ և անուղղակիորեն: Հենց այդ տպավորությունն են ստեղծում նրա բոլոր կինոնկարները»:

Ուես Անդերսոնը, որը, ինչպես և Բունյուելը, շատ ուշադիր է դետալների նկատմամբ, նշել է. «Մայք Նիկոլզն ասել է, որ ամեն օր մտածում է Բունյուելի մասին: Ես նույնպես: Կամ առնվազն՝ երկու օրը մեկ անգամ»:

Ջեյն Քեմպիոն. «Լուիս Բունյուելն իմ առաջին, խորը սերն է կինոյում: Նա այն մարդն է, ով արգելափակել է թթվածինը մարդկային կեղծավորության համար: Նա անխնա կերպով անցնում է կեղծավորության վրայով, որն ապրում է մեր բուրժուական հասարակության սրտում. ոչ ոք սուրբ չէ, չկան իդեալներ և բարոյական արժեքներ: Նա բացարձակապես ժամանակակից է, համարձակ և պարզ: Նա հասկանում է մարդկային բնույթը, բայց հրաժարվում է վերաբերվել դրան զգացմունքայնորեն»:

Պեդրու Կոշտա. «Լուիս Բունյուելը մեզ միշտ հիշեցնում է, որ մենք անընդհատ կուրուստներ ենք ունենում մեր նեխած հասարակությունում»:

Պեդրո Ալմոդովար. «Ես գտնում եմ ինձ նրա ֆիլմերում: Ինձ համար նա իսկական վարպետ է»:

 

Կուրոսավան, Բերգմանը, Տարկովսկին՝ Ֆեդերիկո Ֆելինիի մասին

Ակիրա Կուրոսավա. «Ֆելինիի ֆիլմերն իսկական արվեստի ստեղծագործություններ են: Այսօր ոչ ոք չունի այդպիսի առանձնահատուկ տաղանդ: Դա զգացվում է նրա ֆիլմերում՝ շնորհիվ հզոր, ազդեցիկ, էկզիստենցիալ ուժի: Այո, ես մի քանի անգամ հանդիպել եմ Ֆելինիի հետ, բայց նա միշտ այնքան ամաչկոտ էր, որ չէր խոսում ինձ հետ իր ֆիլմերի մասին»:

Ինգմար Բերգման. «Ֆելինին Ֆելինին է: Նա ոչ ազնիվ է, ոչ անազնիվ. նա Ֆելինին է: Նա իր վրա չի վերցնում ինչ-որ պատասխանատվություն: Եվ դուք չեք կարող նրան գնահատել բարոյական տեսանկյունից: Նա կա, և ես պարզապես ապրում եմ նրանով: Նա չափազանց ինտուիտիվ է: Նա ստեղծագործ է: Նա հսկայական ուժ ունի՝ ասես տենդ, որը գտնվում է նրա ներսում: Հասկանո՞ւմ եք, թե ես ի՞նչ նկատի ունեմ: Այդ տենդը գալիս է նրա ստեղծագործական մտքից և նա հալեցնում է այն: Իսկ նա տառապում է՝ ֆիզիկապես տառապում է դրանից: Մի օր, երբ նա հաղթահարի այդ տենդը և ազատվի դրանից, կհայտնվի ֆիլմ, որը մինչև այդ դուք ոչ մեկի մոտ չեք տեսել: Ինչպես ցանկացած ճշմարիտ արվեստագետ՝ նա կվերադառնա իր ակունքներին: Նա կգտնի հետ տանող ճանապարհը»:

Անդրեյ Տարկովսկի. «Ես սիրում եմ Ֆելինիին իր բարության, մարդկանց նկատմամբ սիրո, պարզության և ինտիմ ինտոնացիայի համար: Եթե ուզում եք իմանալ՝ ոչ թե նրա հայտնիության, այլ մարդկայնության համար»:

Թերրի Գիլիամ. «Կարծում եմ՝ Ֆելինին ինձ ինչ-որ բան է ասել իմ ապագայի մասին, կյանքի մասին, այն մասին՝ ինչպես է այն ընթանում, հիշողության մասին: Այս ամենը ճշմարտություն է թվում, թեև նա անընդհատ ստում է: Ինձ դուր է գալիս Ֆելինիի մեջ հենց այն, որ նա ստախոս է, հավերժական ստախոս: Նա խեղաթյուրում է ճշմարտությունը: Չգիտեմ՝ մեզանից ինչ-որ մեկը տեսել է կյանքն այնպիսին, ինչպիսին այն իր ֆիլմերում ցույց է տալիս Ֆելինին: Ես այնպիսի սարսափելի զգացողություն ունեմ, որ նա բացել է մեր աչքերն աշխարհի առջև, աշխարհի, որը միայնակ էր: Նրանք, ովքեր կհետևեն իրեն, կկարողանան տեսնել այն աշխարհը, որը ինքն է տեսել»:

Դեյվիդ Լինչ. «Ես սիրում եմ Ֆելինիին: Նա բոլորովին այլ ժամանակ ունի, այլ՝ իտալական հայացք կյանքին: Նրա ֆիլմերում մի բան կա՝ հատուկ տրամադրություն: Դրանք ստիպում են երազել: Դրանք այնքան կախարդական են, քնարական, զարմանալի, հնարամիտ: Այդ տղան յուրահատուկ է: Եթե վերացվի նրա արվեստը, ապա կինոյի ժառանգությունից մի մեծ կտոր կպակասի:

 

Թարգմանությունը՝ Անի Գաբուզյանի

 

...