Հայկյան աղեղը

Հայկյան աղեղը երկնակամարում իր ծիրն է գծում,

Աստեղնացրիվ հայոց կամքերն է իրար ագուցում,

Բարձունքից ճախրող արծվի պես խրոխտ թևերը բացել

Արարատների գագաթներն ի վեր՝ Պարն է թևանցում:

 

Վաղուց հնչել է ազգահավաքի կոչնակը վերջին,

Հերոսացել են քաջ որդիներիդ շարքերն առաջին,

Նրանց ջղերը պրկված են, ինչպես աղեղը Հայկի,

Այլընտրանք չկա, ուխտադրուժ ոգին պիտ իջնի ծնկի:

 

Հայոց երկինքը կապույտ անուրջ է, ինչպես երբևէ,

Հայոց մայրերը այսուհետ էլ չեն հագնելու սևեր,

Սեգ զավակներդ մարտիրոսվեցին ճամփեքին դժնի,

Հայաստա՛ն աշխարհ, լայնորեն բացիր արծվային թևերդ:

 

Թիկունքիդ իջած դավադիր զարկից աչքերդ բացվել,

Կեղծ բարեկամի շողոմ խոսքից ես իմաստուն դարձել,

Նախնյացդ փառքը արթնացել քո մեջ, կոչում է ի գործ,

Հայկյան աղեղի սրընթաց թափը նոր ծիր է գծել:

 

 

16. 07. 2020 թ.

Գառնի