Ելենա Տամբովցևա-Շիրոկովայի զրնգուն հայկական աշխարհը

Ամենևին չզարմացա, երբ երկրի համար դժվարագույն 2021 թվականին Հայաստանի գրողների միության հրատարակությամբ լույս աշխարհ եկավ ռուս բանաստեղծուհի Ելենա Տամբովցևա-Շիրոկովայի «Հայկական տեսիլներ» երկլեզու ժողովածուն՝ Շանթ Մկրտչյանի թարգմանությամբ, Էդվարդ Միլիտոնյանի խմբագրությամբ և Լևոն Օսեպյանի բարձրարվեստ լուսանկարներով։ Գրքում տեղ գտած բանաստեղծությունները սպեղանի են հայի հոգու համար, բոլոր նրանց, որոնք ողբալով կորուստները՝ պահպանում են վերջին հույսը ու հավատում՝ հայոց հողում գալու է երկար սպասված ամոքիչ արշալույսը․

Հայաստանում՝ կրակոտ օր.

Ստվերն ընկնում է՝ ինչպես խոցված թռչուն։

Լեռներում՝ գինով երեկո,

Սպիտակ թիթեռի պես մառախուղն է շրջում։

Արցախում՝ գիշեր անքուն,

Հիշողությունն է սև կատվի նման փախչում։

Սևանում՝ հույսին հետևելով

Արշալույսն է ծագում՝ իբրև արևաձուկ...

Բանաստեղծուհին այնպես մանրամասն ու ճշգրիտ է պատկերում Հայաստանը, նրա մարդկանց, բնությունը, հուշարձանները, նույնիսկ հայկական մտածելակերպը, որ թվում է՝ բնիկի տողեր ես կարդում․

Սիրտս թողել եմ հայոց լեռներում՝

ուր ցավն է Արցախն ըմբոստ անթեղում,

ուր ջուրն է հեռու՝ ջրհոր-ձորերում,

ուր ամպերն են պառկում ժայռոտ անկողնում («Ցավդ տանեմ»)։

Ինչպես գրականագետ Նատալիա Շվեդովան է գրում՝ «Ելենա Տամբովցևա-Շիրոկովայի՝ հայկական գույներով հագեցած աշխարհը, չնայած դառնություններին, լի է լուսավոր հույսով։ Դա արժեքավոր հատկություն է այն ժամանակներում, որոնք, թվում է թե հույսի տեղ չեն թողնում»։ Շվեդովայի խոսքերով՝ Տամբովցևայի բանաստեղծությունները՝ թեթև, զրնգուն, պատկերման նրբությամբ ու թափանցիկությամբ ասես ժանյակավոր, գերում են ոչ միայն ձևի գեղեցկությամբ, այլև հնչյունի մեջ կյանքի չքացող իմաստը որսալու ձգտումով։

Ըստ Սեդա Վերմիշևայի՝ Տամբովցևա-Շիրոկովայի հանդիպումը Հայաստանի հետ ասես վերուստ էր կտակված․ «նրա բանաստեղծական ոգեշնչումը տոգորվել է Հայաստանի բիբլիական, բարձր, վերժամանակյա ոգով, խաչքարի, Զանգեզուրի ժայռերի, ժողովրդական ավանդությունների, Նարեկացու սրտակեղեք ապաշխարանքի սրբազան նշանակությամբ»։ Գրող Ալլա Ռախմանինան զուգահեռներ է տեսնում Տամբովցևա-Շիրոկովայի և Վերմիշևայի միջև․ երկուսն էլ խտացած պարտքի զգացում են կրում: «Հայաստանի մասին Լենայի պոեզիայում կա այս հինավուրց երկրի ողբերգություններին, նրա ցավին, նրա ուրախություններին ու հաղթանակներին մասնակից լինելու կենդանի զգացումը․․․ Ի՜նչ բախտավոր է Լենան, բայց որքա՜ն բախտավոր է և Հայաստանը, որ նա հանդիպեց Լենայի նման մարդու, որն իր սրտով անցկացրեց նրա վաղեմի հոգնածությունը, տխրությունը, անառիկությունը։ Այդ ամենը Լենայի բանաստեղծություններում է՝ Կոմիտասի անմոռանալի երգերը, ըմբոստ Արցախը և, իհարկե, այս ամենի սկիզբը դրած անմոռանալի հանդիպումը հիասքանչ Սեդայի հետ, թեկուզ և այն տեղի ունեցավ մոսկովյան հողում, որտեղ Սեդան արդեն երկու տասնամյակ Հայաստանն ու Ռուսաստանը կապող մի կամուրջ է։ Լենա Տամբովցևան բոլորիս համար բացահայտեց Սրբոց Թարգմանչաց ժողովրդական տոնը, որն ամեն տարի նշվում է Հայաստանում։ Իսկ «Հայաստանի դեմքերը» գրքում («Հայ բանաստեղծներին կարդալիս» բաժինը) նրա անդրադարձն է հայ գրականությանը»։ Տամբովցևա-Շիրոկովան նաև թարգմանություններ է արել հայերենից, մասնավորապես իր ժամանակակիցների՝ Բագրատ Ալեքյանի, Լիպարիտ Սարգսյանի, Շանթ Մկրտչյանի, Գևորգ Սնխչյանի, Գևորգ Խաչատուրի գործերից։

Առաջին անգամ Հայաստան և Արցախ է այցելել 2002-ին՝ մոսկվաբնակ մտավորականների խմբի կազմում․ «Ինձ համար շատ նշանակալից իրադարձություն էր. հանդիպումներ հրաշալի հոգևոր աշխարհ ունեցող մարդկանց հետ, ծանոթություն հայոց պատմությանը, մշակույթին, այսօրվա կյանքին... Ես գտա բազմաթիվ ընկերներ, ովքեր օգնում են ինձ ճանաչել բիբլիական այս հինավուրց երկիրը և նրա բազմաչարչար, բայց ոչ երբեք վհատված՝ տաղանդավոր, աշխատասեր ժողովրդին»։ 

Հայաստան չորս այցելությունների արդյունքն են եղել Հայաստանին նվիրված չորս բանաստեղծական ժողովածուները, օրագրային հրապարակումները «Լիտերատուրնայա Արմենիա», «Առագաստ», «Մեցենատ ի միր» հանդեսներում, «Ճանապարհ դեպի Արարատ» գրական ալմանախում («Վրեմյա» հրատարակչություն, 2005 թ․)։ Նրա «Հայաստանը երազում և արթմնի» ժողովածուն՝ հեղինակային նկարազարդումներով, 2006 թվականին  ներկայացվել է «Ռուսաստանի գրքերը» ցուցահանդես-տոնավաճառում։

Ելենա Տամբովցևա-Շիրոկովան ծնվել է Մոսկվայի Սոկոլ ավանում։ Կարո Հալաբյանի անունը կրող փողոցի իրենց սեփական տան բակում պապի՝ ավանի բժշկի տնկած ծառերի տակ է սկսել գրել իր առաջին բանաստեղծությունները։ 1965-ին նրա երեք բանաստեղծությունները տեղ են գտել «Պոեզիայի ժամ» անթոլոգիայում։ Դեռ պատանեկան տարիքից որոշ ժամանակ մասնակցել է գրական միավորման հանդիպումներին, որոնց ներկա էր նաև Բուլատ Օկուջավան, սակայն հետո որոշել է կրթությունը շարունակել Մոսկվայի համալսարանի լրագրության ֆակուլտետում։ Տարիներ անց, իր ամառանոցում հյուրընկալելով և վերհիշելով Լենային, Օկուջավան ափսոսանք է հայտնել, որ բանաստեղծուհին դադարել է մասնակցել հավաքներին․ «Չէ՞ որ պոեզիան, միևնույն է, մնաց Ձեզ հետ, ինչքան էլ ջանացիք այն Ձեզնից հեռու վանել»։ 

Աշխատել է Կենտրոնական հեռուստատեսությունում՝ որպես խմբագիր, Մոսկվայի պետական համալսարանի ռուսաց լեզվի ոճաբանության ամբիոնի ասպիրանտուրայում, ապա շուրջ քսան տարի դասավանդել նույն համալսարանում։ 1982-1985 թթ․ ռուսաց լեզու է դասավանդել Կոմենսկու անվան համալսարանում (Տրնավա, Սլովակիա)։ Պարգևատրվել է Սլովակ գրողների միության մեդալով (2005)։ Մոսկվայի գրողների միության անդամ է։ Հայաստանի հետ բարեկամության մոսկովյան ընկերության, Սլովակիայի հետ բարեկամության ռուսական ընկերության և Մշակույթի աջակցության միջազգային ընկերակցության խորհրդի անդամ է։ Բացի հայերենից՝ նրա բանաստեղծությունները թարգմանվել են ֆրանսերեն և սլովակերեն։

Տասից ավելի ժողովածուների հեղինակ է։ Նրա բանաստեղծական աշխարհը բազմազան է՝ լեցուն և՛ նուրբ ռոմանտիկական քնարերգությամբ, և՛ կյանքի մասին փիլիսոփայական մտորումներով, և՛ երեխաների համար նախատեսված ստեղծագործություններով, և  երգիծական պատկերներով, ինչպես  նաև  թարգմանություններով՝ սլովակերենից և սերբերենից: Քննադատ և գրող Ստանիսլավ Այդինյանի բնորոշմամբ «Տամբովցևա-Շիրոկովայի պոեզիան կազմում են կենդանի մտորումների տողերը, որանք զուրկ են «մութ» տեղերից և թերասություններից, այստեղ մտքերն ու պատկերները բանաստեղծորեն և իմաստաբանորեն հստակ են»:

Ռուսաստանը, Սլովակիան և Հայաստանն այն երեք երկրներն են, որոնք վճռորոշ դեր են կատարել հեղինակի կյանքում և որոնց են նվիրված նրա շատ բանաստեղծություններ։

Հայաստանը Տամբովցևա-Շիրոկովան առաջին հերթին տեսնում, սիրում է իր մեծաթիվ հայ ընկերների աչքերով։ Այդ պատճառով է, որ Հայաստանին նվիրված նրա բանաստեղծությունները ոչ թե սոսկ հայացք են դրսից, այլ, կարելի է ասել, հոգևոր հայրենիքի վերապրում։ Ահա բանաստեղծուհու արձագանքը Լևոն Անանյանի բաց նամակին՝ ուղղված մի թուրք գրողի․

Անբուժելի վերքն է ցավում

Հոգում Լևոն Անանյանի։

Գիշերն անքուն, ցերեկն է մութ

Հայի համար՝ առանց Անի։

Հին քաղաքին չեն թողնի մոտ․

Դիտակով է տեսանելի

Մայր քաղաքը հեքիաթային,

լքված՝ անդին բնագծից։

Եվ թուրքական ժանտ վանդակից

լուռ կոչում են նախնիները,

հարյուր մոմով բոցավառվում,

մոտ է կանչում Մասիս լեռը։

Լևոնը չի վանում տեսիլքը,

Գիշերը նրա վիշտը կամոքի։

Պիտի Եղեռնը ճանաչվի,

որ հայրենյաց դուռը բացվի։

Կռունկի երգն է սավառնում,

Ասես ճիչեր անապատում,

Հիշողությունն է հառաչում

և ալիքը՝ Վանա ծովում․․․

Տամբովցևա-Շիրոկովայի բանաստեղծական տաղանդն առանձնապես փայլում է իր ամենամոտ ընկերներին ձոնված պատկերավոր ակրոստիքոսներում: Հիրավի, որտեղ էլ եղել է բանաստեղծուհին, որոնել է հայի հիշատակներ, նրանց նվիրել չափածո տողեր՝  շարունակելով Հայաստանի բարեկամ օտարալեզու այն պոետների ու գրողների  առաքելությունը, որոնք հոգևոր հարազատությամբ կապվել են Հայաստանին :Եվ մենք էլ, թե՛ պետության, թե՛ համայնքների մակարդակով պետք է ըստ արժանվույն գնահատենք ու ներկայացնենք նրանց գործը: Ի վերջո, գոյութենական պայքարի պայմաններում գրիչը նույնպես զենք է․․․

 

Աշոտ Գրիգորյան

Լուսանկարը՝ Զլատիցա Սեգնալովայի